Հեղափոխական ատրիբուտիկան՝ «Դուխով» բառը, «Նիկոլ» անունը, «քայլ արա»-ն, նույնիսկ Չալո շունը, դարձան բաղձալի ապրանքանիշներ, եւ գործարարները հեղափոխությունից անմիջապես հետո պայքարում էին այս բառերի օգտագործման իրավունքը ստանալու համար:
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալությունը, իր իսկ տվյալներով, միայն 2018 թվականի գարնանային ամիսներին հեղափոխության սիմվոլների օգտագործմամբ ապրանքանիշներ գրանցելու 25 հայտ էր ստացել:
Սնունդ, խմիչք, սկավառակներ, նույնիսկ ակնոցներ արտադրող ընկերություններ են ցանկացել այս բառը դրոշմել իրենց արտադրանքի վրա:
Միայն «Դուխով» լոգոն գրանցելու համար մենամարտել են «Իմպերիալ» ՍՊԸ-ն, «Բյուրեղը», Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ՍՊԸ-ն, «Գոլդ էյջ ֆուդ» ՍՊԸ-ն, բազմաթիվ անհատ գործարարներ: Բայց ապրանքանիշի սեփականության իրավունքը, ի վերջո, գրանցել է «Վիվառո բեթինգ» ՍՊԸ-ն: Պատճառը պարզ է․ լոգոյի հեղինակը՝ դիզայներ Արա Ասլանյանը, այն ժամանակ «Վիվառո բեթ» բուքմեյքերական ընկերության ստեղծագործական տնօրենն էր:
Այսօր նա այլեւս «Վիվառո»-ի աշխատակիցը չէ: Նա դիզայներական ստուդիա է գրանցել ու իր սեփական գործն է առաջ տանում: Իսկ գործարարներն այլեւս իրենց նեղություն չեն տալիս մտավոր սեփականության գործակալություն դիմելու համար:
«Դուխով» բառը նրանք ռիսկով վերցնում ու օգտագործում են այնպես, ինչպես պատահի: Օղու, շապիկների, կեպիների վրա են պատկերում: Սա արդեն դարձել է էժանագին ոճ, գետնանցումից գնված ապրանքներին բնորոշ, «ռաբիզի» ատրիբուտ:
Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Ձեր հորինած այդ «լոգոն» այսօր բոլորն օգտագործում են, խախտելով հեղինակային իրավունքի մասին օրենքը: «Դուխովի» հեղինակ Արա Ասլանյանը պատասխանում է. «Օրենքի տեսակետից, այո, խախտում է, բայց իրավաբանորեն այսպես է. եթե «Վիվառո»-ն, որն ապրանքանիշի օրինական սեփականատերն է, տեսնում է այդ ամենն ու հայց չի ներկայացնում, մյուսներն էլ շարունակում են օգտագործել: Իսկ ես իրավական ուժ չունեմ: Այլ ունեմ «շրիֆտներ», որոնք ինձ են պատկանում, որոնք ես դրել եմ օնլայն ու վաճառում եմ: Եթե ինչ-որ նման խախտումներ են լինում, ես անձամբ դիմում եմ: Բայց «Դուխով»-ը «Վիվառո»-ին է պատկանում, եւ «Վիվառոն» պետք է դիմի»:
«Պլեբսի համար, այո, «Դուխով»-ը գտնված բառ է, բայց դա հիմարություն է, որովհետեւ «Դուխով» բառը, նախ՝ հայերեն չէ, սլենգ է, որքան էլ ոգի արտահայտի, դա հայեցի չէ»,- ասում է լրագրող, մի քանի ԶԼՄ-ների խմբագիր Արթուր Ազարյանը: Նա վերջերս հասարակական կազմակերպություն է հիմնել` «Մտավոր սեփականության պաշտպանության ասոցիացիա», եւ աշխատում է հեղինակային իրավունքների պաշտպանության նոր մեխանիզմներ կիրառելու ոլորտում:
Այնուամենայնիվ, «Դուխով»-ը տնտեսվարողների համար խիստ ցանկալի ապրանքանիշ է, շատերն են ուզում այն ունենալ որպես լոգո, այնպես չ՞է: Արթուրը պատասխանեց. ««Դուխով»-ը բրենդ է պլեբսի համար, այդ շերտի համար կարող է բրենդ լինել»: Կան «Դուխով» օղիներ, գլխարկներ, արդյոք սրանք խախտումնե՞ր են, եթե կա մի ընկերություն, որն արդեն «Դուխով»-ը գրանցել է որպես մտավոր սեփականություն: Բայց ինչո՞ւ մեզանում սա ոչ մեկին չի զարմացնում, այս բարձիթողի վիճակը: «Մեծ առումով, իհարկե, խախտում են, բայց Հայաստանում ամեն ինչ անտերության է մատնված: Դրա ամենավառ վկայությունը տառատեսակներն են: Տարբեր մարդիկ օրեր, ամիսներ են վատնել, տառեր մշակել, բայց բոլորն օգտագործում են այդ արտադրանքը, առանց մի լումա վճարելու նրանց: Քաղաքակիրթ աշխարհում դրա համար լուրջ տուգանքներ են սպառնում, իսկ Հայաստանում պլագիատը մոդա է»:
ՀԳ. «Մոդա» է ոչ միայն պլագիատը, այլեւ վարչապետի հետ կապված ամեն ինչը: «Դուխով»-ը գուցեեւ այդքան չտարածվեր, եթե գրված չլիներ վարչապետի գլխարկին: Գործարարներից ամենախորամանկները հասկացել են սա: Սամվել Ալեքսանյանն օղի է վաճառում, որի պիտակի վրա առանց հեռու գնալու գրել է՝ «վարչապետ»: Իրավատերը «Սիս-ալկո» ՍՊԸ-ն է, որի իրավունքը մտավոր սեփականության գործակալությունում գրանցվել է 2019 թվականի փետրվարին: Ինչպես հայտնի է, Փաշինյանը որեւէ բարդույթ այս առումով չունի եւ նույնիսկ ասել է այս մասին:
«Եթե իմ նկարը կամ անունը որեւէ մեկին օգնում է, որ իր բիզնեսը մի քիչ ավելի առաջ գնա, ես ողջունում եմ: Եթե մի մարդ, որը մինչեւ այդ աղքատության նպաստի հույսին էր եւ իմ հեղափոխության պատկերով, անունով մի ապրանք է մտածել՝ բաժակ, շապիկ եւ այլն, ու եկամուտ է ստանում, վաճառում է, եւ դա նրան քաջալերում, ոգեւորում է աշխատել, ես ուրախ եմ ու համարում եմ շատ մեծ ծառայություն Հայաստանի ապագային եւ զարգացմանը»,- ասել էր վարչապետը: Նա, ինչպես հայտնի է, մանրուքներում չի խորանում՝ օղի է, դեղ է, թե բաժակ: Այնպես որ, եթե վաղը խաղաթղթեր հայտնվեն նրա անունով, պահպանակներ կամ, ասենք՝ սիգարետ կամ թմրանյութ, լավ, չասենք՝ թմրանյութ, «կալյան», ապա նա միայն գոհ կլինի:
Հրապարակ․am
0Comments