Երևանի չարդարացված սպասողական պահվածքը խրախուսում է Էրդողանին. «Վերնատուն»

Հայտարարություն
Live24.am-ը ներկայացնում է

վերնատուն

Սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի Արցախի, անվտանգության եւ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի հերթական քննարկումը, որն այս անգամ նվիրված էր Հայաստանի հարակից տարածաշրջաններում, հատկապես ԼՂ հակամարտության եւ հայ-ադրբեջանական խնդիրներում Թուրքիայի կտրուկ ակտիվացող ագրեսիվ քաղաքականությանն ու գործողություններին:

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Միջերկրական ծովի արեւելյան հատվածում Թուրքիայի գործողությունների աշխարհաքաղաքական վտանգավոր հետեւանքներին։ Փաստվել է, որ դրանք ուղեկցվում են ռազմական բաղադրիչի ակտիվ կիրառմամբ եւ նոր մարտական գործողությունների դիմելու սպառնալիքներով։

Ընդգծվել է, որ եթե մինչ այս Թուրքիան իր սահմաններից դուրս ռազմական ներկայություն ուներ միայն հյուսիսային Կիպրոսում, հիմա արդեն թուրքական զինուժը տեղակայված է Սոմալիում, Քաթարում, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում եւ Ադրբեջանում (Սիրիայում, մասնավորապես, դրանց թիվը գերազանցում է 20 հազարը), եւ Անկարան չի թաքցնում, որ մեծ տարածաշրջանում ռազմաքաղաքական բազմակողմ ազդեցության համար պայքարում պատրաստ է դիմելու ամենակոշտ քայլերի։

Քննարկվել են նաեւ Թուրքիայի հարաբերությունների զարգացումները Ռուսաստանի, Իրանի, Իսրայելի հետ, նրա աճող քաղաքական ակտիվությունը Լիբանանում։

Նշվել է, որ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում Թուրքիայի հանդուգն պահվածքը պատերազմի իրական սպառնալիք է ստեղծել Հունաստանի եւ Կիպրոսի համար։ Այստեղ նա օր-օրի ավելացնում է իր ռազմական ներկայությունը` հարաճուն լարվածություն առաջացնելով նաեւ Իսրայելի, Եգիպտոսի եւ Արեւմտյան Եվրոպայի մի շարք երկրների հետ հարաբերություններում։ Ընդ որում, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության համար խոչընդոտ չէ այն իրողությունը, որ հակամարտություն է բորբոքում ՆԱՏՕ-ում իր դաշնակիցների հետ, ինչը լուրջ հարված է Հյուսիս Ատլանտյան դաշինքին։

Մանրամասն քննարկվել են մեր տարածաշրջանի վերջին զարգացումները, ընդգծվել է Թուրքիայի ծավալապաշտական նկրտումների խիստ բացասական ազդեցությունը Հարավային Կովկասի անվտանգային միջավայրի վրա, դիտարկվել են թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցության նոր զարգացումներն ու միտումները եւ Հայաստանի ու Արցախի համար դրանցից բխող նոր սպառնալիքները։ Արձանագրվել է, որ պաշտոնական Երեւանի` ոչնչով չարդարացված սպասողական, կրավորական պահվածքը խրախուսում է Էրդողանին` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վրա այնպիսի անմիջական քաղաքական ազդեցություն ձեռք բերելու, որը նախընթաց 30 տարում չի հաջողվել Թուրքիային: Ավելին, օգտվելով հայ-ադրբեջանական հուլիսյան ռազմական բախումից, Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններից հետո Թուրքիան զորախումբ է տեղակայել Ադրբեջանում, ներառյալ Նախիջեւանում եւ պաշտոնապես իրեն հայտարարել ԼՂ հակամարտության կողմ։

Այն, որ Թուրքիան դե ֆակտո եւ դե յուրե ԼՂ հակամարտության կողմ է՝ հայտնի է դեռ 1993 թվականից, երբ Հայաստանը ենթարկեց տրանսպորտային ու տնտեսական շրջափակման, որն ըստ միջազգային իրավունքի՝ թշնամական գործողություն է։

Քնարկման մասնակիցները նշել են, որ իրեն պաշտոնապես հայտարարելով ԼՂ հակամարտության կողմ` Թուրքիան առաջացնում է որակապես այլ իրավիճակ եւ փորձում ուղղակիորեն ազդել ԼՂ հակամարտության բանակցային գերծընթացի վրա, ռազմաքաղաքական միջամտությամբ փոխել Հարավային Կովկասի անվտանգության համակարգը, էապես խախտել  փխրուն հավասարակշռությունը մեր տարածաշրջանում: Իրադարձությունների նման սպառնալի ընթացքը ավելի քան հավանական է, եւ չպետք է բացառել Մերձավոր Արեւելքի օրինակով մեր տարածաշրջանը ապակայունացնելու թուրքական ծրագրի գոյությունը:

Հանձնաժողովը համարել է, որ ավելի քան հնարավոր է Հայաստանի նկատմամբ հերթական, լրացուցիչ թշնամական քայլ՝ թուրքական օդային տարածության փակումը Հայաստանի համար, ինչն Անկարան իրականացնում էր1993-94թթ․։

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի Արցախի, անվտանգության եւ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովը դեպքերի այսպիսի զարգացումը համարում է անթույլատրելի եւ տեսնում դրա աննախադեպ սպառնալիքները երկու հայկական պետությունների համար։

Հանձնաժողովը հույս է հայտնել, որ իրավիճակի թելադրանքով պաշտոնական Երեւանը հարցն անհապաղ քննարկման առարկա կդարձնի միջազգային բոլոր հնարավոր հարթակներում, կբազմապատկի իր դիվանագիտական, ռազմաքաղաքական, միջազգային, տեղեկատվական ու քարոզչական ջանքերը եւ օգտագործելով Հայաստանի ու Սփյուռքի ներուժը՝ կստեղծի անվտանգային պետական ու հասարակական նոր գործուն ինստիտուտներ Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը զսպելու եւ արդյունավետ կերպով չեզոքացնելու նպատակով: