Բռնել «ձկան գլխից». ի՞նչ է հասկացնում Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին

Հարությունյանը վարում է հեղափոխական թիմի սրտի քաղաքականությունը, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ խոսեց բռնաբարության վերաբերյալ իր ելույթով՝ աջակցություն հայտնելով իր՝ «փայտ բռնող» ընկերոջը

արայիկ հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն իրենցով արած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կարծես թե «սպանեց» այդ պահանջը՝ այն իրենով անելով, ԱԺ-ում հարցապնդում ներկայացնելով, պաշտոնանկությունը տապալելով:

Առհասարակ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ուշագրավ քաղաքականություն է որդեգրել՝ իրենով է անում այս կամ այն բարձրացվող թեման, տապալում պահանջը, ինչից հետո տվյալ թեմայով պահանջը թուլանում է, կամ՝ մարում:

Այսպես եղավ նաև Արայիկ Հարությունյանի դեպքում, գոնե՝ դեռ:

Չար լեզուներն ասում են, որ Էդմոն Մարուքյանը հենց սուրճի ընկեր Նիկոլ Փաշինյանի պահանջով է հարցապնդումը ներկայացրել:

Արայիկ Հարությունյանն առհասարակ հետաքրքիր ունակություն ունի: Նա թերևս իր այդ գերմարդկային հատկությամբ կարող է «ոտք գցել» Արսեն Թորոսյանի հետ. Այս երկու պաշտոնյաները կարողանում են իրենց դեմ հանել ոչ միայն հակառակ ճամբարում գտնվող գրեթե բոլոր ուժերին, այնպես էլ՝ սեփական թիմի ներկայացուցիչներին:

Սակայն, ինչպես դեպքերը ցույց են տալիս, Արայիկ Հարությունյանից ազատվելն այդքան էլ հեշտ չէ, այդ թվում նաև նրա թիմի, բայց ոչ իր ղեկավար Նիկոլ Փաշինյանի համար:

Իր վերջին ասուլիսի ժամանակ, երբ Արայիկ Հարությունյանը խոսում էր իր հրաժարականի պահանջի մասին, հայտարարեց, թե ինքը եղել է հեղափոխության առաջնորդ, դեռ ավելին՝ մնում է այդպիսին, ուստի պետք չէ իրեն վախեցնել այդ պահանջներով:

Առաջին հայացքից սա սովորական հայտարարություն կարելի է համարել, սակայն այն ասվեց ոչ թե նրանց համար, ովքեր պահանջում են Հարությունյանի հրաժարականը, այլ՝ հենց Նիկոլ Փաշինյանի համար:

Հարությունյանը Փաշինյանին հիշեցրեց, կամ՝ տեղյակ պահեց, որ իրեն հավասար է համարում վարչապետի հետ ու որևէ մեկը չի կարող իրեն տուն ուղարկել, բացի իրենից, իսկ ինքը չի գնալու:

Հարցին կարելի է նաև այլ տեսանկյունից նայել, եթե Արայիկ Հարությունյանը հեղափոխության առաջնորդ է, ինչպես Նիկոլ Փաշինյանը, ապա եթե ինքը գնա, Նիկոլ Փաշինյանն էլ է գնալու, քանի որ տապալված է լինելու հեղափոխությունը:

Ամենայն հավանականությամբ հենց այդպես էլ լինելու է, քանի որ Հարությունյանը վարում է հեղափոխական թիմի սրտի քաղաքականությունը, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ խոսեց բռնաբարության վերաբերյալ իր ելույթով՝ աջակցություն հայտնելով իր՝ «փայտ բռնող» ընկերոջը:

Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջելն արդեն անպտուղ գործ է, եթե իհարկե ինչ-որ ժամանակ «պտղատու» է եղել: Նրանք, ովքեր պահանջում են Հարությունյանի պաշտոնանկությունը, պետք է բռնեն «ձկան գլխից», իսկ գլխի տեղը բոլորը գիտեն:

Մնացականյան Արթուր

Աղբյուրը՝ analitik.am