Ռուսական հատուկ ծառայությունների կողմից Նիկոլին չեզոքացնելու խիստ սցենար է գործարկվելու․ Հրապարակ․am

Ռուսական հատուկ ծառայությունները Փաշինյանի, կամ ինչպես իրենք են ասում՝ «Մորուքի» մասին հավաքում են տեղեկատվություն ամենայն մանրամասնությամբ

1

«Դոսյե» կենտրոնը հրապարակել է փաստաթղթեր՝ «Մորուք» Նիկոլ Փաշինյանի մասին գրված լրտեսական զեկույցներից։ Այս մասին տեղեկանում ենք Հրապարակ․am կայքից։ Ներկայացնում ենք հատվածներ՝ վերոհիշյալ զեկույցներից։

Գեներալ Չերնովի օգնականների հատուկ հսկողության տակ է «Սորոսի հիմնադրամի դրածո» Նիկոլ Փաշինյանը, ինչպես նրան ներկայացնում են լրտեսական զեկույցներում։ Ռուսական հատուկ ծառայությունները Փաշինյանի, կամ ինչպես իրենք են ասում՝ «Մորուքի» մասին հավաքում են տեղեկատվություն ամենայն մանրամասնությամբ։

«Մինչեւ օգոստոս, ինչպես Միշան էր խոստացել, Նիկոլին չեզոքացնել հնարավոր չեղավ։ Այժմ, ըստ ամենայնի, գործարկվելու է խիստ սցենարը»,- զեկուցում է ոմն Սվետլանա Մաքսիմովան։ «Ստացվում է, որ Փաշինյանը «բեսպրեդելշիկ» է, դե սպասենք տեսնենք, թե ինչպես նա կսայթաքի։ Եւ շնորհակալություն հայտնենք, որ բացահայտեց արեւմտամետներին»։ Գործակալ Մաքսիմովան հետեւում է նաեւ հայ այլ քաղաքական գործիչների, ինչպես օրինակ «արեւմտամետ» համարվող Ստեփան Սաֆարյանին, ով 2019 թվականին դարձավ Հայաստանի Հանրային խորհրդի ղեկավար։ Բացի Մաքսիմովայից, Երեւանից «Մորուքի» մասին կոմպրոմատ է փոխանցել նաեւ մեկ այլ գործակալ, ով հայտնի է «Թեկնածու» մականունով։ «Հայաստանի ղեկավարը չի ձգտում սերտ համագործակցել ՀԱՊԿ գործընկերների հետ։

Ավելին, Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դնում ՀԱՊԿ անդամակցության նպատակահարմարությունը եւ նույնիսկ ԵԱՏՄ-ն։ Բացի այդ, նա ակնհայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ՀԱՊԿ-ի հանդեպ եւ որոշել ձերբակալել գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին», կամ «Փաշինյանը խուսափում է հետսովետական միասնությունից։ Նա նույնիսկ չի մասնակցել Հաղթանակի շքերթին, որը տեղի ունեցավ Մոսկվայում, անտեղի հիմնավորելով իր քայլը կորոնավիրուսով։ Ռուսաստանից հեռանալու կուրսը հատուկ է Փաշինյանին։ Ավելին, նրա օրոք իշխանության են եկել ամերիկամետ քաղաքական գործիչները, ովքեր կասկածվում են ԱՄՆ հետ ունեցած կապերի մեջ»։