Փաշինյան-Ծառուկյան հակամարտությունը կանգ չի առնի

Իշխանություններըիրենց հասցեին թթուխոսք ասողի ոչ միայն պոչը տրորելու, այլեւ անձնական տարածք մտնելու, «սպիտակեղենը» քչփորելու եւ այն հանրայնացնելու քաղաքականություն են որդեգրել

ծառուկյան

«Իրատես» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ի աջակցություն կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի Facebook-ի գրառումը, որն ուղղակիորեն ուղղված էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ նրա «մութ անցյալին», վերջինը չի լինի:

Իշխանությունները, որ սեփական թիմակցին ատամներով պահելու սրբազան երդում են տվել մեկմեկու, իրենց հասցեին թթուխոսք ասողի ոչ միայն պոչը տրորելու, այլեւ անձնական տարածք մտնելու, «սպիտակեղենը» քչփորելու եւ այն հանրայնացնելու քաղաքականություն են որդեգրել:

«Իրատեսի» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը հաստատեց` այո, դեպքեր կան, երբ վիրավորանքին վիրավորանքով պետք է պատասխանել: «Ի՞նչ ասել է՝ Արայիկ Հարությունյանն անհարիր բառապաշար է կիրառել, հետեւաբար չենք մասնակցում նիստերին: Է, մի՛ մասնակցեք, որ այդպես լիներ, ապա ամեն անգամ ԲՀԿ-ի «ԱԳԿՃԿԼԳԲՏ», «երեքտառանոց» արտահայտություններից հետո պետք է լքեինք նիստերի դահլիճն ու բոյկոտեինք նիստը: Եթե ընդդիմություն են, ուրեմն կարող են ազատորեն ստել ու հերյուրանք տարածել, հա՞»,- նշեց պատգամավորը:

Իմքայլականն ընդգծեց նաեւ՝ բոլոր նրանք, ովքեր վարկաբեկում են Նիկոլ Փաշինյանի ընտանիքին, նրա դուստրերի մասին վիրավորական գրառումներ անում, մի պահ թող հիշեն, որ իրենք էլ անցյալ ունեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում