«Չի համապատասխանում իրականությանը». Է. Աղաջանյանը՝ վարչապետին սպասարկող ինքնաթիռի վրա արված ծախսերի մասին

Աղաջանյանն ասաց, որ ինքնաթիռի վրա նախկինում արված գրառումը ջնջվում էր, թափվում էր ներկը եւ խնդիր էր առաջացել թարմացնել

նիկոլ

Կառավարական «Համար մեկ» օդանավը ներկելու համար 250 հազար ԱՄ դոլար չի ծախսվել: Այս մասին այսօր` սեպտեմբերի  17-ին, ՔՊ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ճիշտ է արդյոք այն տեղեկությունը, որ կառավարական ինքնաթիռը ներկելու համար ծախսվել է 250 հազար ԱՄՆ դոլար:

«Դա չի համապատասխանում իրականությանը, ցավոք այդ թիվը ես չեմ կարող հրապարակել, հաշվի առնելով, որ գաղտնիության չափանիշներ կան, որոնց շրջանակներում, այդ թվում եւ վարչապետին սպասարկող ինքնաթիռը տեղավորվում է: Կարող եմ ասել, որ անգամներ պակաս է այդ թիվը եւ ես հատուկ հանձնարարել եմ, որ հերքման պահանջ ներկայացնեն տվյալ լրատվականին»,- ասաց նա:

Լրագրողի այն դիտարկմանը, որ իշխանությունը միշտ խոսել է բաց եւ թափանցիկ կառավարման մասին, Աղաջանյանը նշեց, որ օրենքով է արգելվում հայտնել այդ ինֆորմացիան, քանի որ վարչապետին սպասարկող ինքնաթիռը դասվում է  այն օբյեկտների շարքին, որոնք գաղտնի են:

Լրագրողներից մեկի հարցին, թե որն էր անհրաժեշտությունը նոթրացնելու ինքնաթիռը, Աղաջանյանն ասաց, որ ինքնաթիռի վրա նախկինում արված գրառումը ջնջվում էր, թափվում էր ներկը եւ խնդիր էր առաջացել թարմացնել. «Բայց կրկնում եմ, այն թիվը, որը ներկայացված է, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը եւ բացարձակ սուտ է»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ կառավարական «Համար մեկ» օդանավի նոր տեսքը  պետության համար արժեցել է ավելի քան 210,000 եվրո (շուրջ 250.000 ԱՄՆ դոլար)։ Խոսքը միայն օդանավի վրա ազգային (դրոշ, զինանշան) և գրանցման նիշերի նշագծման մասին է։