Լուսինե Բադալյանը՝ Արայիկ Հարությունյանի և Գագիկ Ծառուկյանի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հեղափոխության առաջնորդներն իրենք են որոշում, թե ինչ ֆորմատով, դրվագով պետք է բանավիճեն իրենց քաղաքական հակառակորդների հետ

Ես մեր քաղաքական առաջնորներին ընդունում եմ այնպես, ինչպես իրենք կան. մի փոքր էմոցիոնալ, որի համար նրանք հիմքեր են տեսնում, բայց հույս կհայտնեմ, որ  այս  փոխհրաձգություններն իրենց տեղը կզիջեն քաղաքական բովանդակային փոխքննադատությունների:

Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը` խոսելով ԼՀԿ խմբակցության կողմից ներկայացված ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող հարցապնդման և այս ենթատեքստով առաջացած խնդիրների մասին: 

Ըստ նրա՝ հարցապնդումն այն չէր, ինչը որ կարելի էր ակնկալել: Նա նշեց, որ ԱԺ-ն այն տեղը չէ, որտեղ կարող են քննարկվել իրականությանը չհամապատասխանող հարցեր և իրենք սպասում էին, որպեսզի տեսնեին, թե ինչ լուրջ հարցապնդում է ներկայացվելու քաղաքական հակառակորդների կողմից:

«Եթե մենք տեսնեինք, որ խնդիրն իսկապես շատ լուրջ է և հրատապ և Արայիկ Հարությունյանը խոչընդոտում է կրթական համակարգի զարգացմանը և մենք չենք տեսել դա, քանի որ նա մեր թիմակիցն է, բայց դա տեսել է ԼՀԿ-Ն կամ ԲՀԿ-ն, ապա մենք հաստատ, գոնե հետագայում կքննարկեինք, ժամանակ կտայինք, խնդիրը կամ կլուծվեին կամ չլուծվելու դեպքում՝ մենք ինքներս կանեինք »,- ասաց պատգամավորը:

Պատգամավորի խոսքով՝ ոչ մի անլուծելի խնդիր չբարձրաձայնվեց: Հարցին, թե Արայիկ Հարությունյանի ելույթը որքանով էր վերաբերվում բարձրացված խնդրին, քանի որ ելույթում կոշտ ակնարկներ կային Գագիկ Ծառուկյանին ուղղված, հետագայում նաև վարչապետը սատարեց նախարարի հայտարարություններին, հետո արձագանքներ եղան ԲՀԿ ղեկավարի կողմից, որը շարունակվեց կրկին նախարարի հայտարարությանբ, Բադալյանը պատասխանեց, որ չի ցանկանում այս ուղղությամբ մեկնաբանել:

«Կարծում եմ՝ այս իրավունքը ես չունեմ: Հեղափոխության առաջնորդներն իրենք են որոշում, թե ինչ ֆորմատով, դրվագով պետք է բանավիճեն իրենց քաղաքական հակառակորդների հետ: Բայց այստեղ որևէ կողմին մեղադրել էլ չեմ կարող, որովհետև ամեն անգամ իրավիճակը թեժացվում է այնպես, որ քաղաքական առաջնորդը դրան արձագանքի»,-ընդգծեց Բադալյանը:

1