Խաչը՝ պահապան

Երբեմն հպարտանում ենք մեր հաջողություններով՝ չտեսնելով դրանցում ամենազոր Աստծու ձեռքը, համարելով հաջողությունները միայն ու միայն մերը
Live24.am-ը ներկայացնում է

խաչ

Յուրաքանչյուր քրիստոնյայի համար մեծագույն խորհուրդ է այն Խաչը, որ կրում է իր պարանոցին։ Փորձությունների պահերին է, որ մեր անօգնական ձեռքերն ուղղվում են դեպի այն Խաչը, որ կրում ենք մեր հոգիներում ու սրտերում։ Եվ հենց այդ ժամանակ է, որ մեզ համար կրկին բացահայտում ենք ամենազոր, ամենափրկիչ Խաչի զորությունը՝ մշտապես օգնական, պահապան։

«Քավ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով» (Գաղ. 6:14): Իսկապես, կյանքում երբեմն մեզ թվում է, թե ունենք պարծենալու ու հպարտանալու առիթներ․ երբեմն հպարտանում ենք մեր հաջողություններով՝ չտեսնելով դրանցում ամենազոր Աստծու ձեռքը, համարելով հաջողությունները միայն ու միայն մերը։ Սակայն ի՞նչ են մեր պարծենալու առիթները այն ամենի դիմաց, ինչ ապրեց Քրիստոս, ուսուցանեց Քրիստոս՝ ոչ մի րոպե չպարծենալով, այլ միայն լուռ տանելով իր խաչը։ Եվ այդ է պատճառը, որ Խաչ ասելով՝ մշտապես նկատի ունենք նաև Խաչյալին՝ Քրիստոսին։

Քրիստոսի համար Խաչը բեռ չէր, այլ հաղթանակ։ Խաչը, որ այսօր հաստատված է մեր մեջ, խորհրդանիշն է չարիքի ու սատանայի հանդեպ Քրիստոսի հաղթության, խորհրդանիշն է մեր հոգիների փրկության, հավիտենական կյանքի։ Մեր փրկությունը, ինչպես Պողոս առաքյալն է վկայում, հնարավոր է միայն Խաչի միջոցով․ «և նրանո՛վ հաշտեցնել ամեն ինչ իր հետ՝ խաղաղություն անելով խաչի վրա թափած իր արյամբ և՛ երկրի վրա, և՛ երկնքում եղածների համար» (Կող. 1։20)։ 

Ամենազոր Խաչը՝ պարծանք պարծանացը, այսօր էլ անբաժան է մեզանից ու մեր Եկեղեցուց։ Եկեղեցական կյանքում էլ ոչ մի ծես չի կատարվում առանց  Խաչի, ինչպես մեր կյանքում ոչ մի ուրախություն ու փորձություն չի անցնում առանց Խաչի հիշատակման ու ապավինման։

Եվ թող քառաթև Խաչն ու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս պահապան լինեն մեզ, լսեն մեր զղջումն ու աղոթքները։ Եվ թող մեր հոգիներում դրոշմված Խաչը, որ մեր միակ պարծանքը պիտի լինի, մեր փրկիչը,  զորանա մեր բարի գործերով։

 

Խաչին ապավինելու աղոթք

Երբ լուսավոր ամպերի վրա

Երևաց Հոր փառքով,

Քո խաչը մեզ ապավեն թող լինի,

Տեր Հիսուս:

Այն ժամանակ մենք`

Քեզ ապավինածներս,

Չենք ամաչի,

Այլ Քո մեծ զորությամբ,

Որպես լույսի որդիներ,

Կբերկրենք Քո աջ կողմում:

qahana.am