Ամեն ներդրողի ԱԱԾ-ի մի աշխատող կցելով՝ տնտեսական ոլորտում լուրջ զարգացումներ չենք ունենա․ Ռոբերտ Քոչարյան

Պետք է ամեն ինչ սկսել կրթությունից

Այն, ինչը քննադատվում էր և խոստացվում էր, որ պիտի փոխենք, հակառակը, տնտեսության կառուցվածքը ավելի շատ է դեֆորմացվում։ Տնտեսական ոլորտի մասնագետների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այսօր ունենք տնտեսության հեղափոխություն, որը նաև կառուցվածքի փոփոխություն է նշանակում:

 «Ի դեպ, հանքագործությունն էլ է պետք զարգացնել, ես այն կարծիքին եմ, որ այո, պետք է, ուղղակի ավելի խիստ բնապահպանական պայմաններով և տվյալ դեպքում միջազգային գները այնքանով են բարենպաստ, որ տնտեսվարողը կարող է ներդրումներ անել ավելի խստացված բնապահպանական նորմատիվներում տեղավորվելու համար»,- ընդգծեց նա:

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ գիտելիքահեն տնտեսություն ունենալու համար, պետք է սկսել կրթությունից, և առանց  կրթական համակարգի, եթե ակնկալում ենք էական փոփոխություն, պետք է հասկանալ՝  ինչի՞հաշվին պետք է լինի դա. «Մենք Խորհրդային տարիներին ունեցել ենք հզոր Պոլիտեխնիկ, ունեինք էլէկտրոմեխանիկա, քիմիայի բավական հզոր ամբիոններ, մենք չենք կարող այդ ինժեներական ոլորտը զարգացնել, եթե չկա այն ոլորտը, որտեղ այդ մասնագետները պետք է սովորեն: Պետք է ամեն ինչ սկսել կրթությունից»:

Ռոբերտ Քոչարյանը ընդգծում է, որ պետք է ամբողջ կառավարման համակարգը թվայնացվի և ներդրումների համար պայմաններ ստեղծել. «Մենք չենք կարող տնտեսական ոլորտում լուրջ զարգացումներ ունենալ, եթե ասում ենք, որ ամեն մի ներդրողի պետք է կցենք ԱԱԾ-ի մի աշխատող, Կառավարության նիստի ժամանակ եղել է այդպիսի մի հայտարարություն:

ԱԱԾ-ի աշխատողը վերջին մարդն է, որին ներդնողը կցանկանա տեսնել: Սա խոսում է մտածելակերպի մասին, որ ուղղակի չեն պատկերացնում գործարարի հոգեբանությունը: Եվ այդ փոփոխությունների համար պետք է նաև սա հասկանալ, որովհետև այդ  փոփոխությունը չի լինելու հրահանգներով, դու կարող ես պայմաններ ստեղծել, որոշ ոլորտների համար որոշ արտոնություններ նախանշել, բայց եթե ընդհանուր ներդրումային միջավայրդ լինի ԱԱԾ-ից մարդ կցելով, ոչ մի բան չի ստացվելու»: