Հայաստանը Եվրոպա է, Ռուսաստանը՝ մեր դաշնակիցը

Ասում են, որ մենք միաժամանակ երկու նժույգ ենք վարում
Live24.am-ը ներկայացնում է

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել իսպանական EFE լրատվական գործակալությանը, որի պատրաստած հոդվածը ներկայացնում ենք ստորև։

«Հայաստանը Եվրոպա է, միևնույն ժամանակ Ռուսաստանը մեր դաշնակիցն է»,- EFE-ին վստահեցնում է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով խոստովանում է, որ այդ հավասարակշռությունը շատ բարդ է ցանկացած երկրի համար, սակայն այն կենսական է Հայաստանի՝ Ադրբեջանին դիմակայող և Թուրքիայի հետ թշնամություն ունեցող երկրի անվտանգությունն ապահովելու համար:

«Ասում են, որ մենք միաժամանակ երկու նժույգ ենք վարում: Ոչ: Մենք վարում ենք մեկ նժույգ՝ Հայաստանի նժույգը»,- վստահեցնում է նախարարը տեսակոնֆերանսի միջոցով տրված հարցազրույցի ընթացքում:

Հավասարակշռություն Ռուսաստանի և ԵՄ–ի միջև

Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի արտաքին
քաղաքականության հիմնական առանցքն է՝ չկառուցել մի գործընկերոջ հետ հարաբերությունները մյուսի հաշվին, որովհետև այդ «անպատասխանատու» գործունեությունը միայն կավելացնի «անկայունությունը» տարածաշրջանում:

«Մենք շատ կարևոր, դաշնակցային, բազմաթիվ ընդհանուր շահերի վրա հիմնված հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ»,- նշեց նա և հիշատակեց անվտանգությունը, քանի որ Ռուսաստանը ռազմաբազա ունի կովկասյան այս երկրի տարածքում:

Նախարար Մնացականյանը նաև շեշտեց, որ Երևանն ունի յուրահատուկ հարաբերություններ ԵՄ անդամ մի շարք երկրների հետ՝ Ֆրանսիայից մինչև Հունաստան, իսկ Բրյուսելը նպաստում է ժողովրդավարական արժեքների և իրավական պետության զարգացմանը մի երկրում, որտեղ 2018թ. տեղի է ունեցել խաղաղ հեղափոխություն:

«Եվրոպական միությունը չափազանց կարևոր գործընկեր է, որի հետ համագործակցությունը ներառում է առևտրատնտեսական, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ոլորտները»,- նշում է ՀՀ ԱԳ նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը պնդում է, որ «Հայաստանը Եվրոպայի մաս է» կամ ավելի առանձնահատուկ կերպով ասած՝ «Եվրոպայի արևելյան ճակատը»:

«Ոմանք դա ընկալում են որպես հակասություն: Իհարկե, դա շատ դժվար հավասարակշռություն է: Ինչպե՞ս գտնել այդ հավասարակշռությունը: Սակայն դա մի բան է, որը բխում է Հայաստանի շահերից»,- վստահեցնում է ՀՀ ԱԳ նախարարը:

Զուգահեռներ Բելառուսի հետ

Մնացականյանը չի ընդունում համեմատություններ 2018թ. վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած հեղափոխության և մեկ այլ հետխորհրդային երկրում՝ Բելառուսում տեղի ունեցող բազմամարդ հակակառավարական ցույցերի միջև, բայց զուգահեռությունն անխուսափելի է:

Բելառուսի մասին հարցին պատասխանելիս նա կարծիք է հայտնում, որ Հայաստանի հեղափոխությունից դասը, որ կարելի է քաղել, այն է, որ «դա մի գործընթաց էր, որ վերաբերում էր  բացառապես հայերին և ուրիշ ոչ ոքի»:

«Լավագույն դասն այն է, որ մենք մերժում ենք աշխարհաքաղաքականությունը Հայաստանում: Այն, ինչի հասել ենք, բացառապես մերն է, և բավարարված ենք դրանով»,- ընդգծեց նա:

Եվ բանն այն է, որ Երևանի հիմնական  դաշնակից Մոսկվան չմիջամտեց Հայաստանի ցույցերին, որդեգրեց չմիջամտելու քաղաքականություն, ինչը սկզբում շփոթմունքի մեջ գցեց վերլուծաբաններին:

«Հուսով ենք, որ Բելառուսում լուծում կգտնվի: Սակայն առանցքայինն այն է, որ այդ լուծումը բելառուսական հասարակության, Բելառուսի քաղաքացիների ձեռքում է»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանն ու Բելառուսն ունեն «շատ լավ հարաբերություններ» ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:

Բախումներ Ադրբեջանի հետ

Լեռնային Ղարաբաղի շուրջ հարևան Ադրբեջանի հետ լարվածությունը չի նվազում:

Նախարարը «շատ վտանգավոր» որակեց հուլիսի կեսերին տեղի ունեցածը, երբ երկու երկրների սահմանին՝ Տավուշի մարզում, տեղի ունեցան ռազմական գործողություններ, որոնց ընթացքում զոհվեցին շուրջ 20 զինծառայողներ և քաղաքացիական անձինք:

«Թիրախավորում էին ոչ միայն մեր դիրքերը, այլև՝ քաղաքացիական բնակչությունը: Չորս օրերի ընթացքում հետ էինք մղում գրոհները և սանձում ագրեսիան»,- հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը:

Նախարարը կարծում է, որ գրոհների շարժառիթն  իր բնակչության շրջանում «հակահայկական ոգին» սերմանելու և «ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու»՝ Ադրբեջանի ղեկավարության ցանկությունն է:

«Միգուցե փորձարկում էին մեր զինված ուժերի պաշտպանությունն այդ դիրքերում: Մենք շահագրգիռ չենք, որ լինի ռազմական էսկալացիա»,- նշում է ՀՀ ԱԳ նախարարը:

Այս առնչությամբ Մնացականյանը հավաստիացնում է, որ Հայաստանի կառավարությունը միշտ «շատ հստակ» է եղել:

«Չկա խնդրի ռազմական լուծում: Ռազմական լուծման տարբերակը նշանակում է բախում և պատերազմ տարածաշրջանում, տոտալ ապակայունություն: Եվ դա տարբերակ չէ»,- վստահեցնում է Զոհրաբ Մնացականյանը և ընդգծում, որ  ինչպես Հայաստանը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը ունեն «բավարար կարողություն» պաշտպանվելու:

«Համավարակի ընթացքում բոլորս, նաև՝ Լեռնային Ղարաբաղը, պահպանել ենք հրադադարը: Ադրբեջանը չարեց դա: Հայաստանը շարունակում է լինել Լեռնային Ղարաբաղի անվտանգության միակ երաշխավորը: Հայաստանն ունի պաշտպանվելու և Ադրբեջանին հակադարձելու բավարար կարողություններ»,- վստահեցնում է ՀՀ ԱԳ նախարարը:

Խաղաղություն և հիմնախնդրի կարգավորում Լեռնային Ղարաբաղում

Երևանը կարծում է, որ տարածաշրջանային կայունության համար լավագույնը կլիներ ամրապնդել 1994–ից գործող հրադադարի ռեժիմը՝ «վերահսկողության մեխանիզմներով», որոնց շնորհիվ հնարավոր կլիներ խուսափել էսկալացիայից և «նշել» հրադադարի խախտման պատասխանատու կողմին:

«Սակայն Բաքուն միշտ խուսափում է դրանից: Լավ կանեին՝ ընդունեին այն: Հիմա առաջնայինը լարվածության թուլացումն է: Այն ամենակարևորն է»,- ընդգծեց նախարարը:

Նա նաև քննադատեց Ադրբեջանի դիրքորոշումը, որը կարծես թե Հայաստանին է «լավություն» անում` ռազմական գործողություններ չվերսկսելով:  «Եվ որ այդ պատճառով մենք պետք է զիջումների գնանք բանակցություններում: Հակառակ դեպքում՝ պատերազմ կլինի: Մենք մերժել ենք այդ դիրքորոշումը: Մենք չենք բանակցի  որևէ նախապայմանի կամ սպառնալիքի ներքո»,- ասաց նա: Բայց նաև կարծիք հայտնեց, որ խաղաղ բանակցությունների վերսկսումը ոչ միայն «հնարավոր» է, այլև՝ «անհրաժեշտ»:

«Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Մենք լիովին պատրաստ ենք շարունակելու դրանք հնարավորինս շուտ»,- ասաց նա և հիշեցրեց, որ վերջին շփումը եղել է հունվար ամսին, իսկ այնուհետև գործընթացն ընդհատվել է COVID19-ի պատճառով:

Իշխանության գալուց ի վեր Փաշինյանը պնդում է, որ պետք է լինի «լուծում»՝ «ընդունելի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և ժողովուրդների համար: «Չի կարող լինել լուծման այնպիսի տարբերակ, որը կլինի Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի հաշվին»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:

Վերոնշյալի առնչությամբ Հայաստանն ունի երկու առաջնայնություն՝ Լեռնային Ղարաբաղի՝ «առանց սահմանափակումների» ինքնորոշման իրավունքի ճանաչում և անվտանգության համաձայնագրեր, որոնք կկանխարգելեն ռազմական գործողությունների վերսկսումը:

«Մեզ համար առաջնայինը Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական և էքզիստենցիալ անվտանգությունն է: Բայց անվտանգությունը մի հարց է, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ մեկ այլ հարց»,- շեշտեց ՀՀ ԱԳ նախարարը: Եվ պաշտպանեց խաղաղ գործընթացում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մասնակցությունը, քանի որ նրանք իրենց ժողովրդից մանդատ են ստացել բանակցելու համար:

Թուրքիան՝ անկայունության արտահանող

Նախարար Մնացականյանն ընդգծում է, որ Թուրքիան կարևոր երկիր է ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության համար, բայց այնքան էլ լավատես չէ նրա հետ հարաբերությունների կարգավորման հնարավորության հարցում, քանի որ Անկարան շարունակում է չճանաչել Օսմանյան կայսրության կողմից իրագործած ցեղասպանությունը և մերժում  միլիոնավոր հայերի արդարության իրավունքը:

Զոհրաբ Մնացականյանը մեղադրում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին 2009թ. ֆուտբոլային դիվանագիտության հետ ի հայտ եկած հնարավորությունից չօգտվելու համար:

«Թուրքիայի հաշտության քաղաքականությունն այսօր ցույց տվել է իր սահմանափակումները»,-նշում է ՀՀ ԱԳ նախարարը:

Հայաստանը կարծում է, որ Թուրքիան զարգացնում է «անկայունության և ագրեսիայի  քաղաքականություն», և մինչ բոլոր երկրները հանդես էին գալիս հուլիսյան բախումների դադարեցման կոչերով, Անկարան արեց ճիշտ հակառակը՝ բորբոքելով հակամարտությունը և աջակցելով Բաքվի ռազմական մանիպուլյացիաներին:

Մնացականյանը հայտարարում է, որ Ցեղասպանության ժխտումը, սպառնալիքները, տնտեսական շրջափակումը և Բաքվին լիակատար աջակցությունը «սպառնալիք են հանդիսանում Հայաստանի անվտանգության համար»:

«Մինչ Թուրքիան ասում է, որ ցանկանում է զրո խնդիր հարևանների հետ, իրականում իր բոլոր հարևանների համար հանդիսանում է անկայունության և ագրեսիվության աղբյուր, և փորձ է արվում այդ քաղաքականությունն արտահանել Հարավային Կովկաս: Մենք չենք կարող անտարբեր մնալ դրան»,-շեշտում է ՀՀ ԱԳ նախարարը: