Այս փնթիները չցանկացան օգտագործել նրա գիտելիքներն ու փորձը․ Միհրան Հակոբյան

Հայաստանի արտաքին քաղաքականությունը երբեք այսչափ պասիվ, ձախողված ու փակուղային չի եղել

1

Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Շուրջ երեսուն տարվա անկախության պատմության ընթացքում Հայաստանը երբեք չի ունեցել այսչափ խայտառակ արտաքին քաղաքականություն, ինչ որ ունի Նիկոլ Փաշինյան վարչապետի օրոք: Երբեք Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսչափ պասիվ, այսչափ ձախողված ու փակուղային չի եղել: Երկու տարիների ընթացքում Նիկոլ Փաշիյանը խառնեց ու փչացրեց ամեն ինչ` նվազագույնի հասցնելով թե Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ՀԱՊԿ գծով դաշնակիցների հետ հարաբերությունները, և թե ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու Չինաստանի հետ հարաբերությունները:

Ըստ էության, պետության արտաքին քաղաքականության ոլորտում ոչինչ չի կատարվում, կրկնում եմ` ոչինչ չի կատարվում, բացի հետընթացից: Արցախյան բանակցությունների մասին չխոսենք, որովհետև Նիկոլն այնպես է խառնել ամեն ինչ իրար, որ տասնամյակներ են պետք գալու վիճակը շտկելու համար: Հուսանք, որ ստեղծված իրավիճակում Ալիևի «դուխը չի հերիքի» օգտվել բանակցային սեղանին Նիկոլ Փաշինյանի «մատուցած ծառայություններից» ու լայնամաշստաբ պատերազմ չի սկսի, ավելի շուտ` Մոսկվան ու Վաշինգտոնը հաստատակամ կգտնվեն Ադրբեջանին զսպելու հարցում:

Ասածս ստեղծված իրավիճակի ոչ քաղաքական, ոչ էլ քաղաքագիտական գնահատական է: Ասածս հանրահռչակ ճշմարտություն է: Դա տեսնում են բոլորը, դա գիտեն բոլորը: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը բոլոր հնարավորություններն ուներ գոնե թե արտաքին քաղաքականության բնագավառում վիճակն այս ողբերգական կետին չհասցնելու համար: Գիտե՞ք` ինչու՞ այսպես եղավ: Որովհետև Նիկոլն ու իր հետ Գյումրիից Երևան քայլածները թերուս են, պետական կառավարման զրո փորձ ու գիտելիք ունեն, գոռոզ են, ոչ մի պատկերացում չունեն արտաքին քաղաքականության, դիվանագիտության և աշխարհաքաղաքականության մասին:

Իսկ պետական շահը հասկանում են միայն պարգևավճարներով բյուջեն լափելու համատեքստում: Ուսումնասիրեք սրանց անցյալը. սրանցից ո՞ր մեկն է իրենց կուրսի ամենալավ սովորողների եռյակում եղել, սրանցից ո՞վ է մասնավորում կայացած եղել` որպես բարձր վարձատրվող ինչ-որ բանի մասնագետ: Ուսումնասիրեք ու ինքներդ կհամոզվեք, որ արանք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ միջակությունների խմբավորում են, որ զավթեցին իշխանությունը Հայաստանում և երկու տարվա ընթացքում երկիրը կանգնեցրել են բարոյական, իրավական, արտաքին քաղաքական, ռազմական, տնտեսական ու սոցիալական աղետի շեմին: Ասածումս չափազանցություն չկա. համարյա թե երաշխավորված արհավիրքի նախանշանները միայն կույրը չի տեսնում:

Իսկ կարող էին չէ՞ մարդկանց չսորտավորել, սև ու սպիտակի չբաժանել ու նախկին արտգործնախարարների ներուժն օգտագործել դիվանագիտական գործերում: Օրինակ` էդվարդ Նալբանդյանի փորձն ու գիտելիքները պետք չէի՞ն երկրին: Շատ բարձր որակավորում ունեցող այս դիվանագետը Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից պատվով կատարել է իր գործը դիվանագիտական ճակատում:

Ու՞մ էր խանգարում Էդվարդ Նալբանդյանը, որ այս փնթիները չցանկացան օգտագործել նրա գիտելիքներն ու փորձը` հանուն պետական շահերի: Ասենք` ո՞նց որոշեցին, որ Էդվարդ Նալբանդյանը սև է, իսկ Ֆելիքս Ցոլակյանն ու Զոհրաբ Մնացականյանը` սպիտակ: Կամ արդյո՞ք 2008-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո Վարդան Օսկանյանն ու Զոհրաբ Մնացականյանը նույն գործը չեն արել, այսպես ասած` նույն քաղաքական գծի մեջ չեն եղել: Կամ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում 2013-ի միտինգներին Նիկոլ Փաշինյանը հարթակներից կոկորդն էր պատռում, ընդհանրապես ոչ մի անելիք չունե՞ր երկրի դիվանագիտական գործերում: Իսկ Վահան Փափազյանն ի՞նչ էր արել սրանց, որի ծառայություններից նույնպես չօգտվեցին:

Միակ նախկին արտգործնախարարը, որ դիվանագիտական պաշտոն է զբաղեցնում, Ալեքսանդր Արզումանյանն է, այն էլ` Դանիայում նրան դեսպան նշանակել է Նախագահ Սերժ Սարգսյանը 2017թ.-ին:

Հիմա հասկացա՞ք` ով են սրանք, ինչքան հեռու են պետական կառավարում ու պետական շահ հասկացություններից»:

1