Թեորիապես ամեն ինչ հնարավոր է․ Կարեն Խաչատրյանի վերաբերյալ մասը կանջատվի՞

Առողջական վիճակի վերաբերյալ նոր ակնկալվող ստանալիք տեղեկությունները ցույց կտան, թե ինչ զարգացումներ կլինեն

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ այսօր հետաձգվեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու գործով դատական նիստը. Գագիկ Խաչատրյանն իր գործով նիստին ներկա չէր։

Դատարանում Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտարարեց, որ այս պայմաններում (նկատի ունի՝ Գ․Խաչատրյանի նիստի չմասնակցելը առողջական խնդիրների պատճառով) խախտվում  է Կարեն Խաչատրյանի արդար դատաքննության իրավունքը։

Նիստի ավարտից հետո մեղադրող Գեւորգ Սարգսյանից Հրապարակ․am-ը հետաքրքրվեց՝ ինքն էլ է գտնո՞ւմ, որ այդ կերպ կխախտվեն Կ․Խաչատրյանի իրավունքները, պատասխանեց․ «Դեռեւս վաղ է այդ մասին խոսելը, ներկա դրությամբ ոչ մեկի որեւէ իրավունք չի խախտվել, դա Ձեզ հավաստիացնում եմ։ Իսկ հետագա դատաքննությունը, առողջական վիճակի վերաբերյալ նոր ակնկալվող ստանալիք տեղեկությունները ցույց կտան, թե ինչ զարգացումներ կլինեն»։

Մյուս հարցին,թե Կ․Խաչատրյանի վերաբերյալ մասը կանջատվի՞, եթե Գագիկ Խաչատրյանը շարունակի չներկայանալ նիստերին, պատասխանեց․ «Դեռ վաղ է այդ մասին խոսելը, ներկայումս դրա մասին ոչ հիմքը կա, ոչ առիթը, թեորիապես ամեն ինչ հնարավոր է, բայց ներկայումս հիմք չկա»։