Գոգիդ նստեմ, մորուքդ փիտեմ․ հայկական առածանին՝ Նիկոլի մասին․ Հրապարակ․am

Թունդ քացախն իր ամանը կտրաքացնի

1

Օձն իր շապիկը կփոխի, բնությունը չի փոխի։
Խմբագիր Նիկոլը դարձավ վարչապետ, բայց սրա-նրա վրա անտեղի ցեխ շպրտելու բնույթը չփոխեց, ավելին՝ մասշտաբներն ընդլայնեց, ասֆալտին փռեց, պատերին ծեփեց։

Սոխ չես կերել, սիրտդ ինչո՞ւ կմռմռա։

Նիկոլ, եթե դու եւ քո ընտանիքի անդամները չեք գլխավորել մաքսանենգ ճանապարհով երեք ինքնաթիռ ծխախոտի, ադամանդների, մետաղի ջարդոնի, զենքի ապօրինի վաճառքի հետ կապված խայտառակ գործարքները, ապա ինչո՞ւ որեւէ քրեական գործ չհարուցեցիր, ինչո՞ւ մեղավորների փնտրտուք չկազմակերպեցիր եւ միայն փորձեցիր ապացուցել, որ ուղտ չես։ Ասացվածքից բացի, կարելի է հիշեցնել նաեւ Թումանյանի հայտնի տողերը, թե «գողերի հետքը իր տունն է տանում, համեցեք, դիվան ուզեք սրանից»։

Տունը՝ ասլան, դուրսը՝ կատու։

Որ տունը ամեն օր, ամեն ժամ առյուծ ես ձեւանում, ապացուցելու կարիք չկա։ Իսկ որ Մյունխենում հանդիպման կազմակերպիչների ու Ալիեւի մոտ՝ կատու, ավելի ճիշտ՝ փիսիկ էիր դարձել, ժխտել չես կարող։ Փիսիկ՝ նաեւ BBC-ին տված հարցազրույցի ժամանակ։

Սուտը սատանի փեշակ է։

Հայաստանում ամենալավ այդ փեշակին տիրապետում է Նիկոլը։ Չմոռանանք ասել, որ այդ փեշակին տիրապետում են Նիկոլի դասընթացների մասնակիցները։

Սուտ ասողի վատն այն է, որ ճիշտն էլ ասի՝ չեն հավատա։
Նիկոլն այնքան սուտ է ասել, որ ճիշտն էլ ասի, իսկ դա հնարավոր չէ, չեն հավատա։
Քաղցր-քաղցր ուտողին դառն-դառն փսխել կա։
Նիկոլն այդ մասին գիտե՞, եթե չգիտե, ապա թող իմանա ու կողմնորոշվի։

Գոգիդ նստեմ, մորուքդ փիտեմ։

Նիկոլի պատասխանը հայաստանցիներին, իսկ առաջին հերթին՝  փրկիչ փնտրողներին։
Սուտը կոտավորվի, համա առաջ գնալ չի կարող։
Նիկոլի գրեթե բոլոր ստերը ոտավորվեցին, բայց ո՞ր մեկը կարողացավ քայլել, առաջ գնալ։
Մեծ (սուտ) խոսքերով փլավ չի եփվի, եղ ու բրինձ է պետք։
Ականջիդ օղ արա, Նիկոլ, եղ ու բրինձ ճարելու մասին մտածի, որ կարողանաս փլավ եփել։
Ճղճղանից չեն վախենա։
Հավատա, Նիկոլ, քո ճղճղոցից վախեցող չկա, մանավանդ՝ հիմա։ Ինչքան էլ որ շատ գիտենաս, չիմացածդ մի անգետից հարցրու։ Սա ասված է խելքը գլխին մարդկանց համար։
Ախր նա ամեն ինչ գիտի, ինքն է հայտարարել, որ կարիք չունի ո՛չ անգետից հարցնելու, ո՛չ էլ նույնիսկ որեւէ շատ գիտունից։

Բոշի եղը որ շատ լինի, կեսն էլ քամակին կքսի։

Երեւի բյուջեի փողերը շատ էին, ծախսելու տեղ չկար, դրա համար էլ Նիկոլը, առաջնորդվելով առածում ասվածով, խիստ շռայլ է գտնվել, իրեն պաշտպանողներին բոլ-բոլ բաշխեց։

Տունը՝ կրակ, ուրիշին՝ ճրագ։
Իրեն համար ժամ չի անում, ուրիշի համար պատարագ է անում։
Զարմանալու ոչինչ չկա։ Մեր վարչապետ Նիկոլը հիանալի օրինակ է։ Արցախցիների ինքնորոշման փաստն օրինականացնելու, այդ մասին ամեն օր, ամեն ժամ, ամենուր բարձրաձայնելու փոխարեն ադրբեջանցիներին բավարարող որոշումների մասին է բողազ պատռում։
Մատից փուշ հանող պտուղ չէ։

Շատ լավ գիտեք, նորություն չէ։ Նիկոլը դրան սովոր չէ։ Դա նրա մոտ ալերգիա կառաջացնի։ Դա վտանգավոր քայլ է։

Թունդ քացախն իր ամանը կտրաքացնի։

Նիկոլից էլ թունդ քացա՞խ։ Դուրս է գալիս, որ եթե Նիկոլը մնա (Աստված մի արասցե), իր ամանը՝ իմքայլականների մոգոնած կառավարությունն ու խամաճիկներով լեցուն Ազգային ժողովն է տրաքելու, երեւի։
Արջը չզարկված մորթին կծախի։

Նիկոլն էլ էլեկտրատեխնիկական արտադրության, գազաբալոնների գործարանների բացման ժապավենները կտրեց, բայց դրանք թիթեռնիկի կյանք ունեցան։
Էն տունը քանդվի, որ ղոնաղ չի գալիս, էն ղոնաղն էլ մեռնի, որ իրիկունը կգա ու առավոտյան չի գնա։

Այո, Նիկոլ, մեր շեն ու շենացող Հայաստան տունը քանդվել է։ Իսկ քանդողը դարձար դու եւ քո թայֆան։ Դրա համար էլ ոչ ոք, ո՛չ հայազգի, ո՛չ էլ մանավանդ օտարազգի ներդրող (ղոնաղ) չի գա, ներդրում չի անի, քանի դեռ մեր վարչապետի աթոռի վրա Դուք եք նստած։ Իսկ Սորոսի նման պնդերես ու պնդաճակատ, Հայաստանի համար նույնիսկ անվտանգության առումով վտանգ ներկայացնող հյուրը (ըստ առածի) որ մեռնի էլ, հավատացած եմ, որ սգացողներ քիչ չեն լինի, չէ՞ որ նրանից շատերն են օգտվել։

Ղուշն ա ծառին ճարում, վեչ թա ծառը՝ ղշին։
Ո՛չ ճամպրուկները պատրաստ ու թռիչքի սպասող մեր հայրենակիցները, ո՛չ էլ օտարազգիները Հայաստանում ծառ չեն փնտրում, քանզի Հայաստանի ծառերին բույն դնելն անհուսալի ու անօգտակար է, Նիկոլի ու նրա անփորձ, կիսագրագետ, միաժամանակ մեծամիտ թիմի հետ աշխատելը մեծ ռիսկ է պահանջում։ Ո՞վ կուզի անցավ գլուխը ցավի տակ դնի։

Արջն իր ահից է գոռում։

Է, Նիկոլից շատ գոռգոռացո՞ղ։ Ուրեմն նա ա՞հ ունի։
Էշն իր սատկելը կուզի, քան տիրոջը վնաս գա։
Իմքայլական պատգամավորները գերազանց գիտեն դա եւ Նիկոլին չզայրացնելու համար պատրաստ են դակել ցանկացած օրենք կոչվող թուղթ, եթե Նիկոլը ցանկանա։


Վոլոդյա ԳԵՂԱՄՅԱՆ
ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ