Բնակչությունն արագորեն աղքատանում է. գործարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Էականորեն տուժել է սպառումը. հակաճգնաժամային որևէ լուրջ քայլ չի արվել. Վահան Քերոբյան

վահան

Դեռևս խորհրդային տարիներից փող աշխատող մարդը համարվում էր օրինախախտ, սպեկուլյանտ, այդ ընկալումը շարունակվեց նաև անկախության շրջանում, երբ հայտնի գործարարները զարտուղի ճանապարհով հարստացածներն էին, իսկ հազարավոր աշխատատեղեր ստեղծած գործարարները չէին խրախուսվում: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել գործարար Վահան Քերոբյանը, փոխանցում է Tert.am-ը:

«Վարչապետը փորձում է խրախուսել գործարարությունը, բայց գործարարին դեռևս ընկալում են որպես հավանական հանցագործի, որը խուսափում է հարկերից: Կան անարդար ճանապարհով հարստացածներ, և մյուս բոլորը հավասարեցվել են նրանց: Ի վերջո, գործարարներն առաջ են մղում տնտեսությունը, նպաստում են երկրի զարգացմանը, նրանք անքուն գիշերներ են անցկացնում, ռիսկի տակ են դնում իրենց ունեցվածքն ու համբավը»,- ասել է գործարար:

Ըստ Քերոբյանի՝ կառավարության հակաճգնաժամային գործողությունների հարցում որևէ լուրջ բան չի արվել, և տնտեսական կարևորագույն ցուցանիշները նկատի ունենալով՝ իրավիճակը շատ ծանր է. «Այսօր գնանկում է, բնակչությունն արագորեն աղքատանում է, մարդկանց ունեցած փողը մեծ տեմպերով նվազում է, դրամավարկային քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություն է պետք: Բացի այդ, պետք է սպառումը խթանել, ՀՆԱ-յի մեջ սպառումն ամենաշատն է տուժել, բայց աջակցության տասնյակ ծրագրերից որևէ մեկը չի վերաբերում սպառման խթանմանը»:

Գործարարի կարծիքով՝ կառավարությունը պետք է առաջնահերթություն համարի բարձր արտադրողականությամբ, քաղաքակիրթ պայմաններով աշխատատեղերի ստեղծումը, օրինակ՝ փողոցային առևտրով զբաղվող մարդկանց առաջարկի նոր աշխատանք. «Երևանի ավագանին փորձում է նոսրացնել փողոցային առևտրականների շարքերը, բայց գլոբալ խնդիրը մեր տնտեսությունը վերակառուցելն ու բարձրտեխնոլոգիական աշխատատեղեր ստեղծելն է: Ստեղծված արդյունքը պետք է համեմատելի լինի առաջատար երկրների հետ»:

Վահան Քերոբյանի պնդմամբ՝ տպավորություն է, թե կառավարությունը փորձում է քաղցկեղով հիվանդ տնտեսությունը բուժել մի բաժակ թեյով. «ԱՄՆ-ն և եվրոպական երկրներն իրենց տնտեսությանը ցուցաբերվող օժդանակությունը հասցրին մինչև 25 տոկոսի, մեր դեպքում գործուն օգնությունն ընդամենը տնտեսության մեկ տոկոսի չափ էր: Բանկերի վարկային հետաձգումները կառավարության օգնությունը չեն: Պետք էր միացնել փող տպելու մեքենան: Մեր շուրջը գտնվող բոլոր երկրներում ազգային արժույթներն արժեզրկվել են, և ավելացած փողը մեղմել է տնտեսական անկման չափը»:

Գործարարի պնդմամբ՝ տարին կփակենք առնվազն 8 տոկոս տնտեսական անկմամբ, կառավարությունը հրաշալի գիտեր այդ մասին դեռևս մարտ ամսին, երբ դա էին ահազանգում գործարարներն ու տնտեսագետները: «Կառավարությունում կարծում էին՝ միգուցե կխուսափեն ճգնաժամից, եթե ժլատ լինեն և քիչ օգնեն բիզնեսին: Այս մակերեսային մոտեցմամբ մենք միայն խորացնում ենք տնտեսական անկումը: Որքան շատ կառավարությունը լսի բիզնեսին, այդքան ավելի արդյունավետ կգործի: Բիզնեսմեններն ագահ մարդիկ չեն, նրանց իդեա-ֆիքսը ոչ թե փողն է, այլ աշխարհը փոխելն ու բարիք ստեղծելը»,- ամփոփել է գործարարը: