Ջուլֆալակյանը խախտել է պայմանը և պետք է հեռանա

Նիկոլ Փաշինյանը միտումնավոր կերպով խորհրդարանը լցրել է դատարկությամբ՝ դարձնելով դրան վերահսկելի ու կառավարելի

արսեն ջուլֆալակյան

Հայաստանի խորհրդարանը նույնիսկ պառլամենտական կառավարման համակարգի առկայությամբ դեռևս շարունակում է մնալ թույլ ու ոչ ազդեցիկ։ Սխալվելու չնչին հավանականությամբ կարող ենք պնդել, որ Հայաստանը միայն անունով է պառլամենտական, բովանդակության մեջ այն դեռևս շարունակում է պահպանել իր խիստ ընդգծված, հիերարխիկ (աստիճանակարգված), ուղղահայաց և ասիկան բնույթը։ Պառլամենտական համակարգին բնորոշ իշխանության ապակենտրոնացման սկզբունքը դեռևս խորթ հայտնություն է մեր միջավայրում և դրանից ելնելով բացակայում են նաև պառլամենտարիզմին ներհատուկ օրինաչափությունները։ 

Խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը չունի պառլամենտարիզմի ավանդույթներ և երբև է որևէ քայլ չի ձեռնարկվել արժեքային այդ համակարգի ներդրման և արմատավորման ուղղությամբ։ Ընդհակառակը՝ վերջին 25  տարիներին գործադիր իշխանությունն ամեն ինչ արել է խորհրդարանի դերը նվազեցնելու և դրան խամաճիկի կարգավիճակ շնորհելու համար։ Նախորդ իշխանությունների համար ԱԺ-ն դիտարկվել է որպես հլու-հնազանդ ու մեխանիկական դակիչի կարգավիճակ ունեցող կառույց, որը անշեղորեն պետք է լեգիտիմացնի գործադիրի ցանկացած կամայական որոշում։ Արատավոր մոտեցումն այս ավանդույթի ուժ է ստացել և որպես ժառանգություն փոխանցվել նաև հեղափոխական հորջորջվող քաղաքական թիմին։ Հիմա այստեղ հարց է առաջանում․ արդյոք Փաշինյանն ու նրա թիմը որևէ քայլ ձեռնարկե՞լ են խորհրդարանի դերը վերարժևորելու և պառլամենտարիզմի ավանդույթներ սաղմնավորելու համար։ Կարծում եմ, նրանք ոչինչ էլ չեն արել՝ թողնելով այն նույն բովանդակությամբ ու էությամբ։ Ավելին՝ Փաշինյանի մոտ պատգամավոր աշխատողներն էլ ավելի են խորացրել պառլամենտի այդ ամոթալի կարգավիճակը։ 

Այսինքն, խորհրդրանի անդեմ կարգավիճակի անփոփոխությունը չափազանց ձեռնտու է վարչապետին, քանի որ նա շարունակում է շարժվել գերկենտրոնացված կառավարման համակարգի պահպանման ճանապարհով։ Իսկ ուժեղ խորհրդարանը լրջագույն սպառնալիք է սուպերվարչապետական կառավարման համակարգի համար։ Չգրված օրինաչափություն է, որ իշխանության գերկենտրոնացումը մշտապես հակվածություն ունի էլի ավելի կենտրոնացման, և եթե կառավարիչները բավարարում են համակարգի այդ բնական պահանջմունքը, ապա հետագայում դառնում են հենց նույն համակարգի գերին։ Փաստացի Նիկոլ Փաշինյանը իր վերահսկողության տակ է առել իշխանության բոլոր երեք ճյուղերը՝ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունները ու միանձնյա հեծնում է Հայաստանի Հանրապետությունը։ 

Նշենք նաև, որ օրենսդիր իշխանության լիազորությունների ըստ պատշաճի չկիրառումը փաստացի հետևանքն է նաև ինտելեկտուալ անկարողության։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը միտումնավոր կերպով խորհրդարանը լցրել է դատարկությամբ՝ դարձնելով դրան վերահսկելի ու կառավարելի։ 

Պատկերացրեք եթե ԱԺ-ն կարողանար կիրառել իր լիազորությունների գոնե 70 տոկոսը, ապա դա լրջագույն մարտահրավեր կլիներ գործադիր իշխանության և միապետի բարդույթներով տառապող Նիկոլ Փաշինյանի համար։ Վերոհիշյալ մարտահրավերից խուսափելու նպատակով վարչապետը ընտրել է ամենաարդյունավետ մոտեցումը․ արդեն իսկ տասնամյակներ շարունակվող խամաճիկային կարգավիճակի պահպանումը, որը քողարկվում է պառլամենտարզմի պատրանքով և սուր դիսկուրսի ուրվականով, ինչպես նաև ժողովրդավարական ժպիտով, բայց հոգու խորքում ժանդարմի աշխարհայացքով։ Եվ հենց այս ժանդարմային մեթոդի հետևանքով Արսեն Ջուլֆալակյանը վայր դրեց իր մանդատը, քանի որ պառլամենտում չի կարող լինել մեկը, որը կհամարձակվի վարչապետի կարծիքից տարբերվող տեսակետ ունենալ։ 

Իմ քայլը խմբակցության նախընտրական ցուցակն անձամբ վարչապետն է գրել ու ջնջել՝ ցանկում թողնելով միայն լոյալ ու վերահսկելի մարդկանց, որոնց գոնե կեսը չգիտեն, թե ինչ է պառլամենտարիզմը։ Փաստացի Փաշինյանը ինդուլգենցիաների վաճառքով է զբաղվել՝ մանդատ հավատարմության դիմաց սկզբունքով։ Ջուլֆալակյանը խախտել է պայմանը և հիմա պետք է հեռանա։ 

Կարպիս Փաշոյան

«Հչրապարակ»