Նիկոլ Փաշինյանը՝ ընդդեմ Լուկաշենկոյի ակցիաների ջատագով. yerevan.today

Հետաքրքրական էր հատկապես բողոքի ակցիայի մասնակիցենրի կազմը

բելառուս

Yerevan Today–ը գրում է. «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը սեպտեմբերի 10-ին բողոքի ակցիա էր կազմակերպել ՀՀ-ում Բելառուսի դեսպանության դիմաց։ Պատճառը Բելառուսում հետընտրական իրադարձություններն են։ Մասնավորապես, սեպտեմբերի 5-7-ին ձերբակալվել են Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի անդամ բելառուս երեք հասարակական գործիչներ՝ Իրինա Սուխիյը, Անդրեյ Յահորաուն և Ստանիսլավա Հուսակովան:

Մի քանի ցուցարարները իրենց խոսքով եկել էին աջակցություն հայտնելու բելառուս ժողովրդին, որ նրանք չվախենան, պայքարեն իրենց ազատության համար, որ բռնապետությունը ապագա չունի, ընթացքում էլ ՀՀ իշխանությունից նորից բողոքեցին, թե ինչպես կարելի է ժողովրդավարության ռահվիրա լինելով շնորհավորել «բռնապետին»:

Բայց հետաքրքրական էր հատկապես բողոքի ակցիայի մասնակիցենրի կազմը: Մասնավորապես, ակցիային մասնակցում էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող, «սորոսական» համարում ունեցող Դանիել Իոաննիսյանը, որը վարչապետի հրամանով Սահամնադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ է, նաև կառավարության կողմից Հանրային խորհրդի անդամ: Ի դեպ, Իոանիսյանի ակտիվ ջանքերի շնորհիվ թույլատրվեց նկարահանել դեսպանատան տարածքը:

Ակցիայի կազմակերպման մեջ մեծ դերակատարություն ուներ նաև «Armenian Progressive Youth» հասարակական կազմակերպությունը, որի ղեկավարն ու հիմանդիրը Երևանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանն է։

Ցուցարարների շարքերում էր նաև ՀԱԿ անդամ Արմեն Մարտիրոսյանը, որին պատկանող «Անտարես» հոլդինգը, վերջին 2 տարում պետբյուջեից 11 անգամ մեկ անձից գնման ընթացակարգով գումար է ստացել. ընդհանուր՝ ավելի քան 136 միլիոն դրամ։ Հաջորդը փաստաբան Տիգրան Եգորյանն է ով հանդիսանում է «Մարտի 1-ի» զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչը և նրա կինը Լուսինե Հակոբյանը, ով «Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահն է, որը ևս ֆինանսավորում է Սորոսի հիմնադրամը:

Այնտեղ էր նաև նույն հիմնադրամից ֆինանսավորվող «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: Իր մասնակցությունն էր ապահովել նաև նույն ֆինանսական ծագումն ունեցող «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը։

Բայց, դե ինչպես ներկայացված ցանկից պարզ է դառնում, ակցիայի բոլոր մասնակիցները բացի այն, որ սորոսական են կամ ՀԱԿ անդամ, նաև մերձիշխանական քարոզիչներն են: Ստացվում է՝ Բելառուսի դեսպանատան մոտ, նախագահ Լուկաշենկոյից բողոքում էին Նիկոլ Փաշինյանի աջակիցները, այսինքն, հնարավոր է` միջնորդավորված ներկայացնում էին նաև Փաշինյանի կարծիքը: Առաջին անգամ չէ, երբ Նիկոլ Փաշինյանը իր խոսքը տեղ հասցնելու համար ընտրում է ալտերնատիվ տարբերակներ, երբեմն դա իր թիմակիցներից մեկն է դառնում, երբեմն իր ընտանեկան թերթում գրված անանուն խմբագրականները, երբեմն էլ «հավատարիմ» աջակիցները: Այս դեպքը ուշագրավ է նաև ՀԱԿ աջակիցների առումով, քանի որ նախօրեին ՌԴ դեսպանի հետ էր հանդիպել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, քննարկել տարբեր հարցեր, այսօր նաև մամուլը գրեց, որ Տեր-Պետրոսյանը դեսպանին հավաստիացրել է որ չի կիսում Փաշինյանի` ՌԴ նկատմամբ հայացքները և կապ չունի այս իշխանության հետ: Բայց, փաստացի, իր թիմակիցները, նիկոլականների և սորոսականների հետ միասին ակցիա են կազմակերպում ընդդեմ Լուկաշենկոյի քաղաքականության, որին իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի իշխանությունը»։