Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունն այս պահի դրությամբ, իր կարգավորումներով, որևէ արգելք որևէ երկրի քաղաքացու նկատմամբ հատուկ չի սահմանել: «Օդանավակայանում կառուցվում են համապատասխան նմուշառման կետեր: Դրանք մոտավորապես 20-ն են լինելու, ու այն քաղաքացիները, որոնք ցանկանան տեղում իրականացնել նմուշառում, ունենալու են այդ հնարավորությունը հենց օդանավակայանում»,-ասաց նա:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, թե ԵԱՏՄ-ում հարցն արդեն պաշտոնապես են բարձրացրել, որպեսզի ուղևորափոխադրումների միասնական կանոնի վերականգնման սցենար հաստատեն : «Ոչ ԱՊՀ-ում, ոչ ԵԱՏՄ-ում չկա որևիցե կանոնավոր ուղևորափոխադրում թե ցամաքային, թե օդային ճանապարհներով, կա մի բացառություն՝ Ռուսաստան-Բելառուս ցամաքային ուղին է, որը այլ պատճառներով է կանոնավոր բաց, բայց ես կարծում եմ, որ ԵԱՏՄ գործընկերները պատրաստ են քննարկմանը, ու մենք ի վիճակի կլինենք, որ միասնական կանոնը սահմանենք այնպես, որ ինքը սիմետրիկ գործի ԵԱՏՄ բոլոր պետությունների համար»,-ասաց Գրիգորյանը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ուսուցիչները լայնածավալ թեստավորում են անցնում: «Մենք ուզում ենք դպրոցները բացել և չփակել»,-ասաց նա և նշեց, որ պետք է մաքսիմալ կանոնները պահել, որ այնպես չստացվի, որ դպրոցները բացվեն, հետո ստիպված լինեն կրկին փակել:
«Մեր փորձը ցույց տվեց, որ, ցավոք սրտի, խնդրել, աղաչել, պաղատելով չի ստացվում, մենք երկար ժամանակ ամեն օր խնդրում, աղաչում, պաղատում էինք ամենօրյա ռեժիմով, սակայն երբ դա չի ստացվում, պետք է վարչական միջոց կիրառվի»,-ասաց նա:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ավելացրեց, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի վտանգը օդում կախված է, իսկ վարչապետն ավելացրեց: «Երկրորդ ալիքի սպառնալիքը ոչ թե օդում կախված է, այլ երկրորդ ալիքը եվրոպական շատ երկրներում է, երկրներ կան, որոնք 4 ամիս առաջ հայտարարել են, որ հաղթահարել են, այսօր նորից համատարած կարանտինի ռեժիմի են վերադառնում: Այնպես որ, այս խմորը դեռ շատ ջուր է տանելու, և ես կարծում եմ, որ կորոնավիրուսի հետ կապված պատմություններից հետևություններ անելը շատ վաղ է»:
0Comments