Հայաստանը՝ ռիսկային երկիր. Եվրոպայում հետևում են ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը

Շատ երկրներ կան, որ սահմանները բացում են, բայց չեմ կարծում, որ Հայաստանի համար դրանք կբացվեն մոտ ապագայում

սուրեն սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի խոսքով` հասկանալու համար, թե կարանտինի ռեժիմի սահմանումն ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, պետք է համեմատություն անցկացնենք այլ երկրների հետ, հասկանանք, թե ուրիշներն ինչպես են աշխատում՝ նոր կորոնավիրուսի տարածման պայմաններում:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ օրինակ շատ երկրներ, աշխատում են առցանց տարբերակով, որն իրեն արդարացնում է` չնայած որ չունի նույն արդյունավետությունը, ինչ ունեն տետատետ շփումները:

«Կան պետություններ, որ չնայած կարանտինային ռեժիմին, ակտիվ շփումներ ունենում են իրենց գործընկերների հետ: Օրինակ` համաշխարհային նորություններից կառանձնացնեի Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի միջև կնքված համաձայնագիրը: Միացյալ Նահանգների  նախագահի անվտանգության հարցերով խորհրդականն է անընդհատ այցելություններ կատարում այս տարածաշրջան, փորձում է իր շահերն առաջ տանել: 

Վերջերս Միացյալ Նահանգներն ընդունեց Սերբիայի և Կոսովոյի նախագահներին, որոնք պատմական համաձայնագիր կնքեցին տնտեսական համագործակցության ընդլայման և խորացման վերաբերյալ»,- ասաց նա:

Ըստ Սուրեն Սարգսյանի` չնայած Հայաստանը գերտերություն չէ, սակայն կարող է ըստ անհրաժեշտության ակտիվացնել իր շփումները խաղացողների հետ՝ անգամ արտակարգ դրության կամ կարանտինի ռեժիմի պայմաններում: Նա որպես լավ օրինակ բերեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այցերը:

«Այսինքն` այնպես չէ, որ եթե արտակարգ դրություն է, արտաքին քաղաքական օրակարգն ավարտվում է: Հնարավորություններ կան, թռիչքներ կան: Կա ինքնաթիռ, որը սպասարկում է վարչապետին, և որպես վերջին տարբերակ կարելի է նաև դրանից օգտվել արտաքին քաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար: Եթե կա ցանկություն, ապա արտաքին քաղաքականության մեջ կլինի այնպիսի ակտիվություն, ինչպիսին այլ երկրներում է»,- ասաց նա` օրինակ բերելով հարևան Ադրբեջանին, որտեղ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ են այցելում, որը խոշոր զորավարժություններ է անցկացնում:

Նա նշեց, այն,  որ արտակարգ դրությունը հիմա փոխակերպվում է ՀՀ-ում կարանտինի ռեժիմի, մեծ ազդեցություն չի ունենալու մեր արտաքին քաղաքական ակտիվության վրա:

«Այն, ինչ որ մենք կարող ենք անել այսօր, կարող էինք անել երեկ  և կարող ենք  անել վաղը: Այսինքն` եթե մենք ունենք ցանկություն և բարձր մակարդակով շփման անհրաժեշտություն, կարող ենք անել, անկախ այն ամենին, ինչ տեղի է ունենում»,- նշեց նա:

ՀՀ իշխանությունների կողմից արտաքին քաղաքական տարբեր հարցերում ուշացումների պատճառները կորոնավիրուսի տարածումն ու արտակարգ դրությունը համարելը Սուրեն Սարգսյանը կեղծ օրակարգ համարեց:

«Նույն Բելառուսում գիտենք, թե ինչ իրավիճակ է, բայց Ռուսաստանի վարչապետն ընդամենը օրեր առաջ հանդիպում էր նախագահ Լուկաշենկոյի հետ: Այնպես որ, եթե կան հարցեր, խնդիրներ, որոնք լուծում են պահանջում, որևէ խնդիր չեմ տեսնում հանդիպումներ անցկացնելու, և դրանք անելու ոչ թե առցանց, այլ տետատետ տարբերակով»,- ասաց նա:

Նա այս համատեքստում մատնանշեց, որ կորոնավիրուսի տարածման պատճառաբանությամբ այդպես էլ տեղի չունեցավ հանդիպում Հայաստանի արտգործնախարարի և նրա ադրբեջանցի նոր գործընկերոջ միջև: «Դեմ առ դեմ շփումը շատ կարևոր է, հատկապես եթե հաշվի ենք առնում, որ նրանք իրար չեն էլ ճանաչում»,- նշեց նա:

Արտակարգ դրության ռեժիմը կարանտինի փոխակերպելով երկարացնելը, ըստ նրա, կշարունակի բացասական դեր ունենալ Հայաստանի վարկանիշի վրա և այստեղի քաղաքացիների մուտքը այլ երկրներ անժամկետ փակ կմնա:

«Շատ երկրներ կան, որ սահմանները բացում են, բայց չեմ կարծում, որ Հայաստանի համար դրանք կբացվեն մոտ ապագայում: Մենք շատ ռիսկային պետություն ենք համարվում: Պետություններ կան, որ կարողացել են հաղթահարել համավարակի առաջին ալիքը, սպասում են երկրորդին, բայց Հայաստանում առաջինը չհաղթահարած երկրորդին գուցե հանդիպենք»,-ասաց նա:

Նա նկատեց, որ Եվրոպայում հետևում են Հայաստանում կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը և համարում են ամենառիսկային երկրներից մեկը: «Ըստ այդմ` շարունակելու են Հայաստանում ապրող քաղաքացիների նկատմամբ սահմանափակումներ կիրառել»,- ասաց նա:

Նա դժվարացավ ասել, թե ինչ տարբերություն է լինելու արտակարգ դրության և սեպտեմբերի 11-ից հետո կարանտինի ռեժիմների միջև իրավական և հանրային առողջապահության առումով, սակայն նկատեց, որ բոլորի համար է հասկանալի, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքը մեր երկրում լինելու է:

«Չգիտեմ` որքանով է կարանտինի ռեժիմի սահմանումը նպաստելու զգուշավորությանը, բայց տեսնում ենք, որ շատ երկրներ արդեն թուլացրել են սահմանափակումները և անցել են նորմալ կյանքի` համակերպված ապրելով կորոնավիրուսի հետ»,- ասաց նա: