Էդուարդ Աղաջանյանը՝ կառավարական առանձնատներում վերանորոգման չարաշահումների մասին

Ինչ վերաբերում է  Հրաչյա Հակոբյանի անվան հետ կապվելուն, ապա սա հերթական աբսուրդային միտքն էր, պարոն Հակոբյանը որևէ աղերս չունի ընդհանրապես այդ գործընթացի հետ

աղաջանյան

Այսօր կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսին, անդրադառնալով կառավարության թիվ մեկ առանձնատան վերանորոգման ժամանակ չարաշահումներ լինելուն, ինչի հետ կապված դիմել է ՊՎԾ-ն, ասաց, որ իր մտավախության հիմքում ընկած  է եղել նշված ՊՈԱԿ-ի տարբեր աշխատակիցների կողմից հնչեցրած մտավախություններ, ինֆորմացիա, որի հիման վրա ՊՎԾ-ն իրականացրել է ստոգում:

«Ինձ հասած ինֆորմացիան ենթադրում էր առերևույթ չարաշահումներ, անհամեմատ ավելի շատ գումաների հատկացման ռիսկերով: ՊՎԾ-ի ստուգումների արդյունքները այս փուլի համար իմ մտավախությունները հաստատել են»,-ասաց նա և նշեց, որ հորդորել է գործը ուղարկվի իրավապահ մարմիններ:

Կառավարության աշխատակազմի ղեկավարը նշեց, որ որ նշվող մինչև 250 միլիոն դրամ չարաշահումը բնականաբար գերուռճացված է:

«250 միլիոնի մասով, գուցե պակաս, ամբողջ շինարարության համար տրվող գումարն է»,-ասաց նա և նշեց, որ առաջին տպավորությամբ տասնյակ անգամ ավելի գումարներ են հատկացված եղել: «Ինչ վերաբերում է  Հրաչյա Հակոբյանի անվան հետ կապվելուն, ապա սա հերթական աբսուրդային միտքն էր, պարոն Հակոբյանը որևէ աղերս չունի ընդհանրապես այդ գործընթացի հետ»,-ասաց նա:

Անդրադառնալով պարգևավճարների թեմային, Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ դրանք բովանդակային առումով ոչ թե աշխատողի լավ ու վատ աշխատելու արդոյւնքն է, այլ դրա հիմքում ընկած է սոցիալական խնդիր: «Այսինքն մենք սրանով կոնկրետ աշխատավարձի խնդիր ենք լուծում, ոչ թե տվյալ աշխատողի լավ կամ վատ աշխատելը: Պարգևավճարների կտրումը կնշանակի աշխատավարձի կրճատում, որը ի դեպ տեղի է ունեցել, այս օրերին չեն տրվել և այդ գումարը տրամադրվել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ վարչապետի աշխատակազմի անմիջական հսկողության ներքո գործող «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կողմից կատարված վերանորոգման աշխատանքներում պետական վերահսկողական ծառայությունը չարաշահումներ է հայտնաբերել։

Այս ՊՈԱԿ-ի հաշվեկշռում են գտնվում կառավարական առանձնատները, որտեղ բնակվում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք։

Դեռեւս 2019 թվականին մեծ աղմուկ հանեց տեղեկատվությունն առ այն, որ պետական բյուջեից շուրջ 2 միլիոն դոլար է հատկացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկող կառավարական առանձնատան մասնաշենքը հիմնանորոգելու, վերանորոգելու և կահավորելու համար։ Ընդ որում՝ վարչապետի աշխատակազմին գումարը հատկացվել էր կառավարության գաղտնի որոշմամբ, իսկ վերանորոգման շրջանակներում, ըստ տեղեկությունների, միլիոններ են ծախսվել ընդհուպ զուգարանակոնք ձեռք բերելու վրա։