Հեղափոխությունից հետո 783 անձի «աջուձախ» դիվանագիտական անձնագրեր են բաժանել․ Lurer.com

Հավանաբար, այս իշխանութունը նախկին իշխանությունների հետ կապակցված անձանց դիվանագիտական անձնագրերը չեղարկելուց հետո իր մարդկանց է շնորհել այդ տեղերը

1

Այս պահին 1127 անձ ունի գործող դիվանագիտական անձնագիր։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հարցմանն ի պատասխան հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետը։

Հարցին, թե հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետության քանի՞ քաղաքացի է դիվանագիտական անձնագիր ստացել և քանի՞ անձ է զրկվել դրանից` նա պատասխանել է․ «2018թ․ մայիսից մինչ օրս ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տրամադրել է 783 դիվանագիտական անձնագիր, անվավեր հայտարարել 425 դիվանագիտական անձնագիր»։

Նախարարությանը խնդրել էինք տրամադրել նաև դիվանագիտական անձնագիր ստացած անձանց ցանկը, սակայն նախարարությունից փոխանցել են, որ անձանց տվյալները գաղտնի են և չեն կարող տրամադրվել։

Նշենք, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նոր իշխանությունը որոշել էր դիվանագիտական անձնագրից զրկել մի շարք անձանց։ Ստացվում է՝ 2018թ․ կեսերին դիվանագիտական անձնագրերից 254 անձի զրկելուց հետո նրանց շարքերը նոր անձինք են գրավել։ Հավանաբար, այս իշխանութունը նախկին իշխանությունների հետ կապակցված անձանց դիվանագիտական անձնագրերը չեղարկելուց հետո իր մարդկանց է շնորհել այդ տեղերը։