Տեղափոխվեք Հայաստան, այստեղ աշխատեք, մասնակցեք երկրի կառուցմանը․ Ալեն սիմոնյանի խորհուրդը՝ Ռուսաստան մեկնողներին

Շուտ անեիք հեղափոխություն․ լուրջ եմ ասում, մի քիչ շուտ անեիք, որ չգնայինք․ ակցիայի մեկ այլ մասնակից

«Մեր միակ խնդրանքն է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները մի քիչ թափանցիկ լինեն, որ այս անորոշությանը վերջ տրվի. մարդիկ չգիտեն ինչ անեն՝ գործը ընդունվեն, չընդունվեն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ի դիմաց ասաց Ռուսաստան մեկնելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ դիմելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին:

Վերջինս արձագանքեց, որ իր խորհուրդն է տեղափոխվել հայաստան, այստեղ աշխատել, մասնակցել երկրի կառուցմանը, աշխատատեղ ստեղծել:

Դրան արձագանքեց մեկ ակցիայի մեկ այլ մասնակից. «Շուտ անեիք հեղափոխություն: Լուրջ եմ ասում, մի քիչ շուտ անեիք, որ չգնայինք»:

Մեկ էլ ասաց, որ ինքը ՌԴ քաղաքացի է, բայց իրեն նույնպես չեն թողնում մեկնել, իսկ ընտանիքն այնտեղ է: Ալեն Սիմոնյանը խոստացավ վերցնել իր տվյալները, կապվել ՌԴ դեսպանատան հետ եւ կարգավորել հարցը:

«Մեր նպատակը գոնե Ռուսաստանի հետ չվերթները բացելն է: Ռուսաստանն ասում է՝ մարդն ուզո՞ւմ է իր ընտանիքի անդամներին տեսնի, իմ մոտ համաճարակ է, թող իր ընտանիքին տանի ձեր երկիր, ես ի՞նչ պատասխանեմ: Եթե քո երեխան էնտեղ սովորում է, Ռուսաստանն էլ ասում է՝ ուրեմն պիտի իմ կանոններին ենթարկվեք, համաճարակ է, սպասեք»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա իր խոսքի վերջում նաեւ լավ նորություն ասաց. «Ես լավ նորություն էլ ունեմ, ես ենթադրում եմ, որ շատ երկար չի տեւելու, մի ամսվա ընթացքում գոնե ռուսների հետ հարցը լուծենք: Վրացիների հետ չենք կարողանալու»: