Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին թունավորելու մասին հայտարարությունը կեղծիք է:
Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է eadaily.com կայքը:
«Հետևելով Ռուսաստանի իրադարձություններին՝ ես նկատել եմ, որ նրանց` Արևմուտքի մոտ նոր հաղթաթուղթ է հայտնվել: Նորից «Նովիչոկ», նորից թունավորում: Այսպես, ես ձեզ պետք է ասեմ, որ երեկ կամ երեկ չէ առաջին օրը, հստակ չեմ հիշում, Մերկելի ելույթից առաջ (նա հայտարարել է, որ ուզում էին փակել Նավալնիի բերանը), մենք խոսակցություն ենք որսացել: Ինչպես հասկանում ենք, Վարշավան խոսում է Բեռլինի հետ: Երկու բաժանորդ են կապի մեջ: Որսացել է մեր ռազմական ռադիոհետախուզությունը: Քանի որ այնտեղ զորամասեր կան, մենք, իհարկե, ռադիո ոլորտում հակամարտում ենք ՆԱՏՕ-ականների հետ: Եվ մենք որսացել ենք հետաքրքիր զրույց, որը (ես կտամ ձեզ, որ կարդաք, մենք կպատրաստենք և կուղարկենք Անվտանգության դաշնային խորհուրդ) վկայում է, որ դա կեղծիք է: Նավալնիի ոչ մի թունավորում էլ չի եղել»,-հայտարարել է Լուկաշենկոն:
Միևնույն ժամանակ, Լուկաշենկան ենթադրել է, որ մասնագետների մի խումբ Անգելա Մերկելի և նրա վարչակազմի համար նախապատրաստել է «փաստեր և, գուցե, այն հայտարարությունը, որը նա արել է»:
«Նրանք դա արել են, մեջբերում եմ, «որպեսզի զսպեն Պուտինի՝ Բելառուսի գործերի մեջ քիթը մտցնելու ցանկությունը»: Ես մեջբերեցի այդ խոսակցությունը:
Հասկանում եք, թե ինչ ճիզվիտական ձևերով են գործում այդ մարդիկ: Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ Բորտնիկովն ու Նարիշկինը (ռուսական հատուկ ծառայությունների ղեկավարներն են) պետք է լրջորեն քննեն այս իրավիճակը: Մենք և ձայնագությունը կփոխանցենք, և տեքստը:
Այդ նյութերն այսօր-վաղը ամբողջովին կլինեն ձեր հատուկ ծառայությունների մոտ, որպեսզի նրանք պարզեն, թե ում է դա պետք: Եվս մեկ մեջբերում. «Նամանավանդ նրանց մոտ մոտ ժամանակներս ընտրություններ են, Ռուսաստանի շրջաններում քվեարկության օր»: Այսինքն ՝ նրանք գիտեն, որ Ռուսաստանում ընտրություններ են, և այս ընտրություններից առաջ նրանք պետք է ինչ-որ կեղտոտ հնարք անեն:
Մենք կարծում ենք, որ ինչ-որ բան կմոգոնեն: Ահա նրանց ոճը, ահա նրանց դեմքը»,-ասել է Լուկաշենկոն, ընդգծելով, որ այստեղ խոսքը նաև Բելառուսին է վերաբերում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չորեքշաբթի Բեռլինում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին «Նովիչոկ» խմբին պատկանող նյութով հարձակման զոհ է դարձել:
0Comments