Իրենց ընդդիմություն համարող ուժերն անհասկանալի բաներով են զբաղված․ չկա այն շարժիչ ուժը, որը ՀՀ քաղաքացուն օբյեկտիվորեն դուրս կհանի փողոց

Չկա այն շարժիչ ուժը, որը ՀՀ քաղաքացուն օբյեկտիվորեն դուրս կհանի փողոց․ ընդիմադիր ուժերը արժեհամակարգային իմաստով ըստ էության մերժվել են հեղափոխության ժամանակ

Մինչեւ հիմա մեծ հանրահավաքներ չեն եղել, որովհետեւ ՀՀ քաղաքացին դրա անհրաժեշտությունը չի տեսնում։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը

«Չկա այն շարժիչ ուժը, որը ՀՀ քաղաքացուն օբյեկտիվորեն դուրս կհանի փողոց, գուցե որոշ շրջանակների դրդմամբ փոքր շրջանակներ դուրս գան, բայց իմ խորին համոզմամբ դա չի բխի քաղաքացիների ռեալ դժգոհությունից, առավելեւս չի ներառի լայն շրջանակներ»,- նկատեց նա։

Հարցին, թե ընդդիմությունը հասարակության շրջանում վստահություն չունի՞, թե՞ հասարակությունը Կառավարությանը դեռ վստահում է, Արուսյակ Ջուլհակյանը երկուսն էլ չբացառեց:

«Կարծում եմ՝ մենք  խնդիր ունենք ընդդիմադիր ուժ ասվածի հետ։ Մենք տեսնում ենք, որ իրենց ընդդիմություն համարող ուժերն անհասկանալի բաներով են զբաղված, դասական իմաստով ընդդիմադիր քաղաքական ուժի գործառույթ չեն իրականացնում եւ դա է նաեւ պատճառը, որ չեն կարողանում գրավել հանրության վստահությունը»,- նշեց իշխող ուժի  պատգամավորը։

Մեր հարցին, եթե «Բարգավաճ Հայաստանին» միանան նաեւ ՀՅԴ-ն եւ «Հայրենիք» կուսակցությունը, հավանական համարո՞ւմ է, որ լայն զանգված դուրս կգա փողոց, Արուսյակ Ջուլհակյանն ասաց․«Ես որեւէ պարագայում հավանական չեմ համարում, որ որեւէ զանգված դուրս կգա, այստեղ խնդիրն այն չէ, որ ԲՀԿ-ն չունի այդ վստահությունը, խնդիրն այն է, որ որեւէ ընդդիմադիր քաղաքական ուժ չունի այդ վստահությունը եւ դա պայմանավորված է նրանով, որ սրանք այն ուժերն  են, որոնք  արժեհամակարգային իմաստով ըստ էության մերժվել են հեղափոխության ժամանակ»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ հեղափոխության ժամանակ միայն ՀՀԿ-ն չմերժվեց։

«Այն ուժերը, որոնք ժամանակին ասոցացվել, կիսել են քաղաքական պատասխանատվությունը նրանց հետ՝ կոալիցիայի մեջ մտնելով, կամ այն ուժերը, որոնք իրենց գործունեությամբ ապացուցել են, որ նույն արժեհամակարգի եւ հոգեկերտվածքի կրողն են, նրանք նույնպես մերժված են հասարակության կողմից, նրանք լուրջ շանս չունեն քաղաքական ասպարեզում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։