Այսօր Փաշինյանը գրել է, թե Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Թերևս որոշ առաջխաղացում կարելի է համարել, որ այս անգամ չի նշվել, թե՝ Արցախը հռչակեց իր անկախությունը Ադրբեջանից...
Չնայած, դրանք հարաբերականորեն ավելի «անմեղ» բաներ են, քան նախորդած տարաբնույթ հայտարարությունները:
Է՛լ ավելի անհանգստացնող է այն, թե ինչպիսի ջանադրությամբ են իշխանության եկած «թավշյաները» ձգտում Արցախը ներկայացնել որպես մարզ: Ասենք, ձգտելը ո՞րն է, մի քանի անգամ նման կոպիտ դրսևորումներ եղել են իշխանական շրջանակներից:
Ամենից մտահոգիչն այն է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումից ի վեր Արցախը չի ունեցել այսքան թույլ, այսքան հնազանդ իշխանություն, ինչպիսին ունի այսօր: Գործող նախագահ Արայիկ Հարությունյանը, չնայած այն բանին, որ ընդամենը մի քանի ամիս է, ինչ ընտրվել և պաշտոնավարում է, արդեն մի քանի անգամ բացարձակ հնազանդության և քծնանքի ցուցադրական դրսևորումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդեպ:
Դժվար է ասել, դա գալիս է այն բանի՞ց, որ իրականում այդ երկուսը չեն վստահում միմյանց, թե՞ Արցախի ներկայիս նախագահը ձգտում է «պապից ավելի կաթոլիկ» երևալ: Բայց փաստն այն է, որ Արցախի նախագահի պաշտոնն ստանձնելուն պես, կարելի է ասել, քայլեր ձեռնարկվեցին, որպեսզի Արցախի տարածքում չհեռարձակվի Հայաստանի ոչ իշխանական լրատվական հեռուստաալիքներից մեկը: Թե ինչպե՞ս «փաթեթավորեցին« այդ որոշումը, էական չէ:
Ոչ պակաս անախորժ ու տագնապալի նստվածք թողեց աղմկահարույց պատմությունը՝ ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավարի գլխավորած կուսակցության ներկայացուցիչներին Ստեփանակերտում ընդունել-չընդունելու հետ կապված...
Դրանք, իհարկե, ճակատագրական դեպքեր չեն, բայց բնութագրական են՝ հետագա ընթացքի ու ղեկավարի բնույթի առումով:
Տոնը՝ տոն: Բնականաբար շնորհավորում ենք ու միանում մաղթանքներին՝ հավելելով և այսպիսի ցանկություն, որ Արցախի Հանրապետության երրորդ տասնամյակի առաջիկա տարվա ընթացքում հնարավորինս մարվեն այսօր եղած տագնապներն ու նորերը չավելանան դրանց:
Արմեն Հակոբյան
7or.am
0Comments