Ո՞վ է ասում, որ ՍԴ-ն լուծարվելու է. որեւէ մարմին չի լուծարվելու

Այստեղ կոնցեպտի հարց կա եւ այդ շրջանակներում է պետք հարցը քննարկել

1

Ո՞վ է ասում, որ ՍԴ-ն լուծարվելու է. դա սխալ ուղղություն է, որովհետեւ որեւէ մարմին չի լուծարվելու:

Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով նրան, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում հնարավոր է ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանները միավորվեն եւ ստեղծվի Գերագույն դատարան:

«Այստեղ կոնցեպտի հարց կա եւ այդ շրջանակներում է պետք հարցը քննարկել: Երկրորդ, այո, հանձնաժողովը ՍԴ-ն ու վճռաբեկ դատարանը միավորելու որոշում կայացրել է, բայց հանձնաժողովը խորհրդատվական մարմին է, որը առաջարկում է: Այո, կա նման հավանականություն, որ ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանը միավորվեն, բայց ՍԴ-ի մոդելը դեռեւս 2015-ին ընդունված Սահմանադական փոփոխություններով պետք է ներդրվեր, եւ մենք ընդամենը սխալների ուղղում ենք արել»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք նոր ստեղծվելիք Գերագույն դատարանում լրիվ նոր կա՞զմ պետք է լինիմ թե այնտեղ կարող են ընդգրկվել ՍԴ-ի ու Վճռաբեկի դատավորներ, նախարարը պատասխանեց. «Ընթացակարգը, որով պետք է ձեւավորվի գերագույն դատարանը, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը դեռեւս չի քննարկել: Կարծում եմ՝ պետք է այնպիսի մեխանիզմ լինի, որը հանրային վստահությունը նոր ստեղծվող դատական ատյանի նկատմամբ շեշտակի կբարձրացնի»: