Պարզ է դառնում, որ արդար դատական ակտ չի կարող իրականացվել․ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանի ճեպազրույցը

Բողոքարկելու համար անգամ կարիք չկա ծանոթանալու դատական որոշմանը, քանի որ ընթացքից պարզ դարձավ, որ դատարանը գործի բնույթին ծանոթ չէր

1

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, այսօր՝ օգոստոսի 27-ին, մերժեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը։ Խաչատրյանի փաստաբանը՝ Երեմ Սարգսյանը, լրագրողների հետ իր ճեպազրույցում մեկնաբանեց Գագիկ Խաչատրյանի՝ կալանավորման դատարանի որոշումը։

Համաձայն Երեմ Սարգսյանի՝ դատական պրոցեսը վերլուծելու դեպքում պարզ է դառնում, որ արդար դատական ակտ չի կարող իրականացվել, ինչպես նա է նշում, բողոքարկելու համար անգամ կարիք չկա ծանոթանալու դատական որոշմանը, քանի որ ընթացքից պարզ դարձավ, որ դատարանը գործի բնույթին ծանոթ չէր՝ պարզապես ֆիզիկապես հնարավորություն չուներ նման կարճ ժամանակահատվածում ծանոթանալ գործի նյութերին։ Իրավական տեսանկյունից խափանման միջոցը պետք է փոխվեր, քանի որ որևէ առարկայական հակափաստարկ գոյություն չուներ։

Նույնիսկ մեկ հարց դատարանի կողմից չտրվեց երկու կողմերին, այսինքն ակնհայտ է, որ սա արդեն որոշված էր։

Երեմ Սարգսյանը վստահ է, որ անգամ ինքնաբացարկ հայտարարելու դեպքում, միևնույն է՝ դատավորը չէր ընդունելու։

Հարցին՝ այն հանգամանքը, որ Գ․ Խաչատարյանի ընտանիքի անդամները հետախուզվում են և նրանց գտնվելու վայրը անհայտ է, արդյոք սա հիմք չէ՞ հանդիսանում դատարանի համար, որ Գ․ Խաչատարյանը ևս կթաքնվի քննությունից, Երեմ Սարգսյանը, պատասխանեց, որ դա միանշանակ հիմք չի հանդիսանում դատարանի համար, քանի որ, եթե անգամ դիտարկենք այն տեսանկյունից, ապա Գ․ Խաչատրյանին ընդհանրապես դատարանի կողմից ծանուցագիր չի ուղարկվել , նա ինքն է ներկայացել դատական քննություններին։

Իսկ թե որոնք են այն փաստարկները, որոնցով Գ․ Խաչատրյանը պետք է գտնվի ազատության մեջ, Ե․ Սարգսյանը պարզաբանեց, որ Գ․ Խաչատրյանին կալանավորելու փաստարկները, հիմքերը, ոչ իրավական են։

Փաստաբանը նաև ավելացնում է, որ դատական կարգով բողոքարկել են դատական ամբողջական նյութերի չտրամադրելու համար,իսկդատարանը ոչ թե անհիմն է համարել միջնորդությունը, այլ գտնում է, որ այս պահին քննարկման ենթակա չէ, հաջորդ դատական նիստին կքննարկվի։

Երեմ Սարգսյանը վստահեցրեց, որ ամբողջական դատական նյութերը, որոնք չկան, չեն ներկայացվել, դատախազն ինքն է խնդրելու, որ դրանք ներկայացնեն դատարան՝ իրենք են միջնորդելու։

Համաձայն փաստաբանի՝ ի սկզբանե դատարանին չեն ներկայացվել ամբողջական նյութերը, Գ․ Խաչատրյանին արդարացնող փաստերը թաքցնելու նպատակով, նրա կարծիքով օբյեկտիվ քննության մասին խոսք անգամ չի կարող լինել, այլ միայն աբսուրդի հասնող մեղադրանքների։