Կարո՞ղ է Ադրբեջանի նախարարի մոսկովյան այցի ֆոնին Մոսկվան գերադասեց պաշտոնապես լռել Երևանի հետ զրույցի մասին

Օրն ավարտվեց, սակայն Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցի մասին այդպես էլ որեւէ պաշտոնական հաղորդագրություն չկար

աշոտյան

Այսօր ցերեկը տեղի էր ունեցել Մնացականյան-Լավրով հեռախոսազրույցը, որի մասին հայկական կողմը հաղորդագրություն էր տարածել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը։

«Զրույցը տեղի էր ունեցել Արցախյան բանակցություններում առկա ճգնաժամի, Ադրբեջանի ԱԳ նախարարի մոսկովյան այցի եւ այդ համատեքստում Ռուսաստանի նշմարվող նախաձեռնողականության ֆոնին։

Սակայն հատկանշական է, որ օրն ավարտվեց, սակայն Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցի մասին այդպես էլ որեւէ պաշտոնական հաղորդագրություն չկար։

Առաջին հայացքից այս «կազմակերպչական» խնդրի առիթով 3 հարց է ծագում։

1. Եթե այսօրվա զրույցը լոկ «տեխնիկական» էր, ապա ինչու՞ Հայաստանի ԱԳՆ-ն առանձին հաղորդագրություն տարածեց։ Ու՞մ եւ ի՞նչ էր ապացուցում «Иштояна видел» տրամաբանության ներքո։

2. Եթե զրույցը կարեւոր էր, ապա ինչու՞ ՌԴ համապատասխան գերատեսչությունը լռեց։

3. Եւ վերջապես երրորդ, ամենամտահոգիչ վարկածը. կարո՞ղ է Ադրբեջանի նախարարի մոսկովյան այցի ֆոնին Մոսկվան գերադասեց պաշտոնապես լռել Երեւանի հետ զրույցի մասին»,- գրել է Աշոտյանը։