Մեր ժողովրդի բախտն ուղղակի բերել է, որ համաճարակի ժամանակ, Աստված մեզ ուղարկեց հենց Արսեն Թորոսյանին

Այնպես որ, Արսեն Թորոսյանի արձակուրդից վերադառնալուց կարճ ժամանակ անց, Հայաստանը կլինի աշխարհում առաջին երկիրն, ուր արմատախիլ արված կլինի համաճարակը

արսեն

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գնում է արձակուրդ։

Իհարկե, այստեղ չկա որևէ արտառոց երևույթ և զարմանալի է տարբեր գործիչների կասկածները, թե իբր հակասություններ են առաջացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արսեն Թորոսյանի միջև, հատկապես, եթե հաշվի առնենք նախարարի բարձր պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունը ոչ միայն իր մասնագիտությանն, այլև իր հարազատ հայ ժողովրդի առջև։

Համոզված եմ, որ մեր ժողովրդի բախտն ուղղակի բերել է, որ համաշխարհային համաճարակի ժամանակ, Աստված մեզ ուղարկեց հենց Արսեն Թորոսյանին։

Մի պահ պատկերացրեք, որ համաճարակի ժամանակ մեր նախարարը լիներ, թեկուզ մասնագիտությամբ բժիշկ, մեծ փորձառություն ունեցող այլ անձ։ Միայն այս երևակայական պատկերացումից սարսափում եմ։ Չէ՞ որ, Արսեն Թորոսյանի հմուտ, կազմակերպչական բարձր հատկությունների շնորհիվ, մենք ունեցանք նվազագույն կորուստներ, ի տարբերությու մեր, ոչ միայն անմիջական հարևանների, այլև ողջ աշխարհի համեմատությամբ։

Իհարկե, համավարակը դեռ չի ավարտվել և շատ, այսպես կոչված ընդդիմադիրներ, չարախնդում են, թե այս պայմաններում, ինչպե՞ս է լքում դիրքը նախարարը։ Ուղղակի, չարակամները տեղյակ չեն համաշխարհային պատմությունից։

Այսպես, պատերազմների ամենաթունդ ընթացքում, ֆիզիկապես և բարոյապես հոգնածության պատճառներով արձակուրդ են գնացել ծովակալ Նելսոնը, ֆելդմարշալ Կուտուզովը, մարշալ Ժուկովը և այլոք։

Արձակուրդից վերադառնալուց հետո, վերոնշյալ ռազմական գործիչներն էլ ավելի նվիրվածությամբ են ծառայել հայրենիքին և հասել վերջնական հաղթանակի։

Այնպես որ, Արսեն Թորոսյանի արձակուրդից վերադառնալուց կարճ ժամանակ անց, Հայաստանը կլինի աշխարհում առաջին երկիրն, ուր արմատախիլ արված կլինի համաճարակը։

Ավետիք Իշխանյան