Գերմանացի բժիշկները հաստատել են Ալեքսեյ Նավալնիի թունավորված լինելը

Նրա արյան մեջ թունավորման (ինտոքսիկացիա) հետքեր են հայտնաբերել, չեն բացառվում հետևանքները նյարդային համակարգի համար

1

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը բուժում է ստանում բեռլինյան Charite հիվանդանոցում, շարունակում է գտնվել արհեստական կոմայի մեջ:

Նրա արյան մեջ թունավորման (ինտոքսիկացիա) հետքեր են հայտնաբերել, չեն բացառվում հետևանքները նյարդային համակարգի համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է հիվանդանոցի տարածած հայտարարության մեջ:

«Կլինիկական տվյալները ցույց են տալիս թունավորում խոլինէսթերազների արգելակիչների խմբի նյութով: Դեռևս հայտնի չէ, թե հստակ որ նյութի մասին է խոսքը»,- ասվում է երկուշաբթի հրապարակված հայտարարության մեջ:

Բժիշկները հայտնում են, որ ներկա պահին Նավալնիի կյանքին սպառնացող սուր վտանգ չկա:

Նշենք, որ այսօր ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շտեֆեն Զայբերտը նույնպես հայտարարել էր, որ ռուս գործչին, ամենայն հավանականությամբ, թունավորել են:

Հիշեցնենք, որ Նավալնիին Օմսկի հիվանդանոցից բեռլինյան Charite հիվանդանոց են տեղափոխել շաբաթ առավոտյան:

Գործչի ներկայացուցիչ Կիրա Յարմիշը հայտնել էր, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր Տոմսկից Մոսկվա թռչելիս, ինչից հետո ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, որտեղ Նավալնիին հոսպիտալացրել են:

Օմսկի բժիշկները բացառել էին թունավորման վարկածը՝ հայտնելով, որ նրա օրգանիզմում թույն չի հայտնաբերվել: Վերջինս գտնվում է կոմայի մեջ: