Ռուսաստանը համաձայնագրեր է կնքել Հայաստանի, Իրանի, Աբխազիայի և Կենտրոնական Աֆրիկայի հետ

Սպառազինման և ռազմատեխնիկայի նմուշների ցուցադրություն է կազմակերպվել

1

«Բանակ 2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն չորս երկկողմ հանդիպումներ է անցկացրել Աբխազիայի, Հայաստանի, Իրանի և Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության պաշտպանության նախարարների հետ:

Ինչպես փոխանցում է EADaily-ն, հանդիպումների արդյունքում ռազմական համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրեր են կնքվել: Ռուս նախարարը հանդիպումներ է անցկացրել նաև Չինաստանի, Հնդկաստանի և Մարոկկոյի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության հարցերը:

ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովի ղեկավարությամբ անցկացված նիստին մասնակցել են 92 երկրների ներկայացուցիչներ: Միջոցառմանը ներկա են եղել նաև պետական իշխանության մարմինների, գիտական կազմակերպությունների և առաջատար արդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարներ:

Արտասահմանյան պատվիրակությունների համար սպառազինման և ռազմատեխնիկայի նմուշների ցուցադրություն է կազմակերպվել:

«Բանակ-2020» միջոցառման շրջանակներում ցուցադրվել են սպառազինման և զինտեխնիկայի նորագույն և հեռանկարային նմուշներ, ինչպես օրինակ՝ Տ-14 «Արմատա», Տ-90Մ, Տ-80ԲՎՄ տանկերը, ԲՄՊՏ-72 տանկերի աջակցման ռազմամեքենան, ԲՄՊ Տ-15 հետևակի մարտական մեքենան և այլ զինտեխնիկա: