Պալատական հեղաշրջումը Հայաստանում չի բացառվում. Քոչարյան

Ձևավորվում է ընդդիմության 3 բևեռ՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան և Արթուր Վանեցյան

1

Հայաստանում ընդդիմադիր բեւեռների ձեւավորման գործընթաց է ընթանում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Կարեն Քոչարյանը:

Նրա խոսքով՝ այդ բեւեռներն այսպես թե այնպես զգացվում են: «Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի համար ամենավտանգավոր բեւեռը չէ: Այդ մասին խոսում է Սարգսյանի երեկվա մամուլի ասուլիսի հետ կապված իշխանությունների եւ իշխանամետ ԶԼՄ-ների արձագանքը: Այլ հարց է Արթուր Վանեցյանի այցը Արցախ: Նույնիսկ կարծում եմ, որ Վանեցյանի գործողություններն ամենից շատն են նյարդայնացնում իշխանություններին»,-նշեց նա:

Արցախի նախագահի խոսնակի հայտարարությունը նա խայտառակություն անվանեց: Հիշեցնենք, որ խոսնակի հայտարարության իմաստն այն էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը չի հանդիպի քաղաքական գործիչների հետ, ովքեր չեն կիսում ՀՀ իշխանությունների քաղաքական կուրսը:

«Չեմ հավատում, որ իրեն հարգող քաղաքական գործիչը նման հայտարարություն անի»,-ասաց Քոչարյանը՝ նշելով, որ 2008 թվականի մարտի 1-ից հետո շատ ընդդիմադիրներ մեկնել են Արցախ: «Սակայն ոչ ոք իրեն թույլ չի տվել նման հայտարարություններ անել: Մանկապարտեզի մակարդակի տեքստ է: Չեմ կարծում, թե նման կերպ պետք է գործունեությունն սկսի Արայիկ Հարությունյանը: Ցավոք, մարդիկ շատ արագ են գայթակղվում դիրքով եւ հեռանում իրականությունից՝ մոռանալով, թե ինչ է կարելի եւ ինչ չի կարելի»,-նշեց վերլուծաբանը:

Նրա խոսքով՝ ձեւավորվում է ընդդիմության 3 բեւեռ՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ Արթուր Վանեցյան:

«Քոչարյանն ու Սարգսյանը միասին չեն լինի: Ավելին, սկսվում է մի փուլ, որը հաճախ ենք տեսնում՝ իշխանության եւ ընդդիմության ճյուղերը միմյանց միջեւ մրցակցում են ավելի կոշտ, քան իշխանությունն ու ընդդիմությունը: Իշխանության ներսում դա «սորոսականներն» ու «Քաղաքացիական պայմանագիրն» է, իշխանության ձեւավորման երկրորդ փուլ է ընթանում, իսկ ընդդիմության ներսում առաջնորդության համար պայքար է մղվում: Վանեցյանը, Քոչարյանն ու Սարգսյանը հանդես կգան առանձին: Սակայն իշխանություններին ամենից շատ անհանգստացնում է Վանեցյանը: Քոչարյանն ու Սարգսյանը ռեսուրսներ ունեն, սակայն ընկալվում են որպես նախկիններ եւ մերժվածներ: Քոչարյանը լավ վիճակում է, սակայն հասարակությունը հոգնել է միեւնույն դեմքերը տեսնելուց: Իսկ Վանեցյանին, որքան էլ ասոցացնեն նախկինների հետ, նշանակել է Փաշինյանը»,-նշեց Քոչարյանը:

«Թեժ աշնան» մասին խոսակցությունները վերլուծաբանը մանկապարտեզի մակադակի զրույցներ անվանեց:

Նրա կարծիքով՝ Փաշինյանի կորցրած ձայները չեն անցնի Քոչարյանին եւ Սարգսյանին: «Եթե 2018-ին Փաշինյանն ինչ անում էր, նրան ծափահարում էին, այժմ այդպես չէ: Ինչ վերաբերում է նոր հեղափոխությանը, ապա դա բացառվում է: Սակայն զանգվածային ցույցեր հնարավոր են: Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ին, դժվար թե կրկնվի: Փոփոխություններ կարող են լինել այլ ճանապարհներով՝ կամ նոր ընտրություններ, կամ էլ ինչպես 98-ին՝ ներքին, պալատական հեղաշրջում, սակայն ոչ՝ փողոցում: Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը պալատական հեղաշրջման արդյունքում լքեց իշխանությունը»,-հիշեցրեց վերլուծաբանը: