Խոստումները պետք է կատարել, մարդկանց պետք է հարգել․ ՌԴ մեկնել ցանկացողները՝ կառավարության անտարբերության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Յուրաքանչյուր գնացող քաղաքացի այլևս չի վերադառնա Հայաստան. ակցիայի մասնակից

ակցիա

Մեզ այսքան խոստումներ տվեցին, որ կզանգեն, կօգնեն, բայց մինչև հիմա ոչինչ չի եղել, դրա համար էլի հավաքվել ենք, որ պարոն Փաշինյանի հետ հանդիպենք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության դիմաց հավաքված ակցիայի մասնակից-կազմակերպիչներից Դավիթ Հարությունյանը:

Նշենք, որ նրանք բողոքում են փակ սահմանների դեմ և ցանկանում են ՌԴ մեկնել: Նրանցից մի քանիսը անցած շաբաթ հրավիրվել էին Կառավարության անդամների հետ քննարկման, սակայն մինչև այսօր չեն ստացել իրենց խնդրի լուծումը:

«Մենք ուզում ենք, որ մեզ մարդու տեղ դնեն: Այսօր եկել ենք մի մարդու նկարով, որը մահացել է այն ժամանակ, երբ իրենց վրացական կողմը թույլ չի տվել անցնել սահմանը: Մենք այսօր հարցի լուծում ենք ուզում և այս մարդու կյանքը պետք է բոլորին դաս լինի, եթե չեն ուզում, որ էլի նման բան լինի, պետք է քայլեր սկսեն»,- ասաց նա:

Ակցիայի մասնակիցը նշեց՝ այսօր վերջին անգամ է գալիս իր պահանջով, որովհետև հիասթափվել է կառավարությունից և նույն կերպ յուրաքանչյուր գնացող քաղաքացի, այլևս չի վերադառնա հայրենիք:

«Անցած շաբաթ մեր գլխի տակ փափուկ բարձ դրեցին ու ասացին՝ գնացեք: Այսօր 2200 մարդ ցանկանում է հետ վերադառնալ և այս քանակը քիչ-քիչ ավելանում է: Անօրինական բաներ են կատարվում: Եթե կառավարությունն իր օրենքները չի հարգում, ժողովուրդը ո՞նց հարգի: Հասկացեք, որ սխալ է մարդկանց արհամարելը, հեղափոխության ընթացքում տված խոստումները պետք է կատարել, մարդկանց պետք է հարգել»,- ընդգծեց նա: