Ես հենց նոր քննարկեցի Բելառուսում ստեղծված իրավիճակը նախագահ Պուտինի հետ. Եվրախորհրդի ղեկավար

Միայն խաղաղ և իրապես ընդգրկուն երկխոսությունը կարող է կարգավորել երկրում տիրող ճգնաժամը

եվրախորհուրդ

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է, որ Բելառուսում տիրող իրավիճակը քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Ես հենց նոր քննարկեցի Բելառուսում ստեղծված իրավիճակը նախագահ Պուտինի հետ: Միայն խաղաղ և իրապես ընդգրկուն երկխոսությունը կարող է կարգավորել երկրում տիրող ճգնաժամը»,- tert.am-ի և РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին Շառլ Միշելը գրել է իր թվիթերյան օգտահաշվում:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ առաջիկա չորեքշաբթի օրը Բելառուսի հարցով Եվրախորհրդի նիստ է հրավիրելու: ԵՄ անդամ երկրների և կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ նիստը կանցկացվի տեսաժողովի ձևաչափով:

Անցյալ ուրբաթ օրը ԵՄ ԱԳ նախարարները որոշում էին կայացրել, որ ցուցարարների դեմ բռնություն գործադրելու և նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու համար մեղավորների նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվեն: Պատժամիջոցային ցուցակի մասին կհայտարարվի չորեքշաբթի օրը կայանալիք նիստում: