Եվրախորհուրդն օգոստոսի 19-ին Բելառուսում տիրող իրավիճակի հարցով արտահերթ նիստ կանցկացնի

Բելառուսի ժողովուրդն իր ապագան որոշելու և ազատորեն իր ղեկավարին ընտրելու իրավունք ունի

1

Եվրոպական խորհուրդն օգոստոսի 19-ին Բելառուսում տիրող իրավիճակի հարցով արտահերթ նիստ կանցկացնի, այս մասին այսօր թվիթերյան իր օգտահաշվում հայտնել է կառույցի ղեկավար Շառլ Միշելը:

«Ես այս չորեքշաբթի ժամը 12։00-ին Եվրախորհրդի անդամների խորհրդակցություն կհրավիրեմ՝ Բելառուսում տիրող իրավիճակը քննարկելու համար»,- գրել է Միշելը։

Կառույցի ղեկավարը գրառման մեջ նշել է, որ Բելառուսի ժողովուրդն իր ապագան որոշելու և ազատորեն իր ղեկավարին ընտրելու իրավունք ունի։ 

«Ցուցարարների նկատմամբ բռնությունն անթույլատրելի է»,-ընդգծել է Շառլ Միշելը։ 

Նրա մամուլի քարտուղար Բարենդ Լեյցը, իր հերթին, թվիթերյան իր օգտահաշվում մանրամասնել է, որ խորհրդակցությունը տեսահամաժողովի ձևաչափով է անցկացվելու։