Տիկին Արսինե, գիշերները լա՞վ եք քնում, հացից արյան համ չե՞ք առնում

Հիշու՞մ եք, որ ափալ-թափալ հասաք Երևան ու Ձեր հայտնի ֆոտոխցիկով իբր թե ֆիլմ էիք նկարում այդ իրադարձությունների մասին

միհրան

Տիկին Arsinée Khanjian,

Հիշու՞մ եք 2016-ի թեժ ամառը, երբ Երևանի կենտրոնում գրոհայինները ՊՊԾ գունդն էին գրավել ու երեք ոստիկաններ զոհվեցին:

Հիշու՞մ եք, որ ափալ-թափալ հասաք Երևան ու Ձեր հայտնի ֆոտոխցիկով իբր թե ֆիլմ էիք նկարում այդ իրադարձությունների մասին:

Հիշու՞մ եք, որ այդ օրերին մինչև քոքը շահագործում էիք ձեր ճանաչվածությունը, տեսախցիկ բաց չէիք թողնում, որ հարցազրույց տաք ու արդարացնեք տեղի ունեցածը:

Իսկ տեղյա՞կ եք, որ ՊՊԾ գունդը զենքով գրոհած մարդկանց նկատմամբ դատական պրոցեսը մոտենում է ավարտին:

Տեղյա՞կ եք, թե Ձեր սրտի ռեժիմի դատախազն ինչ պատիժ է պահանջում ու որ Ձեր սրտի վարչապետի ռեժիմը շուտով դատավճիռներ է կարդալու:

Ձեր «նկարահանած ֆիլմն» այդպես էլ ոչ մեկը չտեսավ, և առնվազն երկու տարի է` քար լռություն եք պահում, ձայն-ծպտուն չեք հանում այդ իրադարձությունների մասին:

Հիմա բազմահազար հայաստանցիների հետաքրքրում է` արդյո՞ք թքած ունեք այն մարդկանց ճակատագրերի վրա, ում զինված գործողություններն արդարացնում էիք, լացակումաց դեմքով քաջալերում էիք նրանց, Ձեր լեզվով ասած` «դուխ էիք տալիս», և Ձեր խնդիրն ուղղակի այդ մարդկանց օգտագործելով, հայի թափված արյունն օգտագործելով` որբացած երեխաների ու խեղված ճակատագրերի հաշվին Հայաստանում խառնակչություն հրահրելն ու իրավիճակը ճոճելն էր:

Գիշերները լա՞վ եք քնում, հացից արյան համ չե՞ք առնում:

Արդյո՞ք շարունակում եք կարծել, որ 21-րդ դարում պետության մեջ կարելի է զինված ճանապարհով և արյունով հարցեր լուծել:

Վերջին հարցի շուրջ լավ մտածեք, որովհետև Ձեր սրտի վարչապետն է հիմա Հայաստանում իշխանություն:

Սրտատրոփ սպասում ենք Ձեր պատասխաններին:

Միհրան Հակոբյան