Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն արդեն երրորդ օրն է՝ հացադուլ է անում՝ մենակ

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մի քանի ամիս առաջ էր։ Հերթական անգամ իշխող քաղաքական ուժը որոշել էր մի քանի ժամով բռնել ու բաժին տանել իշխանություններին քննադատող գործիչներից մեկին։ Երբ դուրս եկանք՝ 2-3 տասնյակ մարդ էր սպասում։ Զրուցեցինք, լրագրողների հարցերին պատասխանեցինք ու սկսեցինք խումբ-խումբ հեռանալ ստադիոնամերձ բաժնի բակից՝ ամեն մարդ իր գործերով։ Շատ չէի հեռացել՝ հիշեցի, որ բաժնում պետք է ինչ-որ դիմում գրեի ու հետ դարձա։ Ահագին տևեց, երևի ժամ-ժամուկես, որովհետև ոստիկանության մի սպայի հետ սկսեցինք մի մասնագիտական հարց քննարկել, քննարկումը սահուն վերածվեց բանավեճի, դե իսկ իրավաբանները որ սկսեցին իսկապես բանավիճել՝ գլուխդ առ ու փախի։

Մի խոսքով, երբ երկրորդ անգամ դուրս եկա բաժնից՝ առաջին անգամ դուրս գալու հակապատկերն էր՝ բակում ոչ ոք չկար, արևն էլ ինչքան ուժ ուներ՝ վառում էր։

Քայլեցի՝ փորձելով հիշել, թե որտեղ եմ, գրողը տանի, կայանել մեքենաս, երբ շտապ ահազանգով օրվա հանդիպումներս չեղարկեցի ու շտապեցի այստեղ։

Մեկ էլ տեսնեմ՝ մի մարդ է հեռվում համեստաբար կանգնած՝ լարված հայացքով «նշանառելով» բաժնի մուտքը։ «Պարոն Հակոբկոխյա՞ն, - ճանաչելով մոտեցա, - էս ի՞նչ եք էստեղ անում»։ «Ինչ եմ անու՞մ, լսեցի Էսինչին են բռնել՝ էկա պադձերժկա անեմ, էն էլ թարսի պես՝ մարդ չկա։ Մի ժամա՝ մենակ կանգնած եմ։ Ոչինչ, էլի կկանգնեմ»։ «Այ պարոն Հակոբկոխյան ջան, ախր վաղուց դուրս ա էկել, լիքը մարդ կար՝ բոլորով գնացել են»։ «Հա՞։ Դե լավա։ Ես դրանց սենցը-նենցը՝ հերիք չեղա՞վ մարդկանց անիմաստ տեղը բռնեն»։

Մի քիչ էլ զրուցեցինք ու գնացինք մեր գործերին։

Բռնցքամարտի աշխարհի 1989թ. չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը արդեն երրորդ օրն է՝ հացադուլ է անում։ Մենակ»։