Թուրքիան կաջակցի Ադրբեջանին՝ օկուպացված տարածքներն ազատագրելու գործում

Սա Ղարաբաղյան հնարավոր հաջորդ պատերազմում Թուրքիայի ներգրավման վերաբերյալ պաշտոնական արձանագրում է

«Թուրքիան կաջակցի Ադրբեջանին՝ օկուպացված տարածքներն ազատագրելու գործում», - Բաքվում նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը Ադրբեջան է ժամանել երկկողմ զորավարժությունների ավարտական փուլի ընթացքին հետևելու նպատակով։ Թուրքական պատվիրակության կազմում են նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, ինչպես նաև ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրամանատարները։

Փաստորեն, պաշտոնական Բաքուն համարում է, որ իրենց բախտը բերել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը փորձի փոխանակում են իրականացնում այնպիսի ուժեղ բանակի հետ ինչպիսին թուրքականն է։ «Աստված տա, որ Թուրքիայի Զինված ուժերի աջակցությամբ Ադրբեջանի բանակը կատարի իր սրբազան պարտքը», նկատել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Սա ավելի քան՝ պատերազմի շանտաժ է, ընդ որում՝ ղարաբաղյան հնարավոր հաջորդ պատերազմում Թուրքիայի ներգրավման վերաբերյալ պաշտոնական արձանագրում:
Հայաստանի իշխանություններն, այս առումով, պետք է համարժեք քաղաքականություն իրագործեն. մի կողմից պաշտոնական Բաքուն է իր ռազմատենչ քաղաքականությամբ, այժմ էլ՝ Թուրքիան, որը տարիներ շարունակ Հայաստանը շրջափակման մեջ է պահում, ասել է թե՝ թշնամական քաղաքականություն է վարում:

Միջազգային ողջ հանրության ուշադրությունն անհապաղ պետք է հրավիրել թուրք-ադրբեջանական բացահայտ թշնամական գործողություններին ընդդեմ Հայաստանի, որն արդեն պաշտոնական Բաքուն «սրբազան պարտք» է անվանում:

Հայելի․am