Սվետլանա Տիխանովսկայան Բելառուսում իշխանության հանձնման համար համակարգող խորհուրդ է ստեղծում

Նա դիմել է միջազգային հանրությանը, եվրոպական երկրներին՝ խնդրելով օգնել երկխոսություն սկսել Բելառուսի իշխանությունների հետ

Բելառուսի նախագահ թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան Բելառուսում իշխանության հանձնման համար համակարգող խորհրդի ստեղծում է նախաձեռնում:

Նա հայտարարել է, որ իր շտաբը կշարունակի աշխատել: «Ես հայտարարում եմ, որ մենք պատրաստ ենք իշխանությունների հետ երկխոսության: Հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակն ու անհետաձգելի միջոցառումների ընդունման անհրաժեշտությունը՝ ես՝ Սվետլանա Տիխանովսկայաս, նախաձեռնում եմ իշխանության հանձնումը ապահովելու համար համակարգող խորհրդի ստեղծում»,-ասել է նա, հաղորդում է TUT.by-ը:

Նա դիմել է միջազգային հանրությանը, եվրոպական երկրներին՝ խնդրելով օգնել երկխոսություն սկսել Բելառուսի իշխանությունների հետ:

«Իշխանությունը պետք է ցույց տա, որ պատրաստ է երկխոսել ժողովրդի հետ: Դա նշանակում է՝ բաց թողնել ձերբակալվածներին, դուրս բերել փողոցներից ՕՄՕՆ-ի ուժերին, քրեական գործ հարուցել մարդկանց ծեծի ենթարկելու եւ կրակելու հանցավոր կոչեր արած անձանց դեմ»,-ասել է նա: