Բանկերից, այստեղից, այնտեղից փող ենք վերցրել, գործի մեջ դրել․ թող ասեին՝ ժողովուրդ, էդքան մեքենա մի բերեք, որովհետև չեք կարողանալու դրսում վաճառել

Մեր Կառավարությունը լռում է

Հայ ավտոներկրողներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության դիմաց՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ:

«Ռուսաստանի Ներքին գործերի նախարարը 29.06.2020թ. հատուկ հրամանով որոշել է, որ ՌԴ-ում ինչքան հայկական համարանիշով  մեքենա կա՝ պետք է առգրավել: Որոշել է, որ հայկական համարանիշով ավտոմեքենաներն անօրինական են գտնվում ՌԴ-ում:

Հայաստանը Մաքսային միության անդամ է, որին անդամակցելու հիմնական իմաստն այն է, որ ԵԱՏՄ անդամ երկրների ապրանքներն ազատ շրջանառություն ունենան այդ տարածքում: Ուրեմն, հիմա ամբողջ Ռուսաստանում մեր հայկական համարանիշով մեքենաները ձերբակալում են, իսկ հիմնավորումը պարզ չէ: Ու այս ամենի ընթացքում՝ ինչքան մեքենա բերել էինք՝ մնալու են կանգնած: Մեքենաներն անօրինական են առգրավում, քանի որ, ըստ Մաքսային միության 2014թ. պայմանագրի 35-րդ կետի՝ յուրաքանչյուր անձ, ով Հայաստանում ունի գրանցում, կարող է մեքենա գնել ու ազատ օգտագործել: Հիմա ՌԴ ՆԳՆ-ն անօրինական, հաշվի չառնելով, որ ԵԱՏՄ անդամ ենք, հայկական մեքենաները տանում է տուգանային հրապարակ և ստիպում մաքսազերծել: Մեկ ամիս է՝ բարձրաձայնում ենք, բայց արձագանք չկա»,- լրագողների հետ զրույցում ասաց ավտոներկրող Զոհրաբ Իգիթյանը:

Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն էլ շարունակելով գործընկերոջը՝ նշեց, որ պատրաստ են կառավարության հետ քննարկել այս խնդիրը, որպեսզի հասկանան դիրքորոշումը:

«Մեր Կառավարությունը լռում է, ամբողջ Ռուսաստանն ու Ղազախստանը բոյկոտում են հայկական մեքենաները: ՌԴ քաղաքացիներն այնտեղ նույնպես ցույցեր են անցկացնում՝ նշելով,  որ մեկ տարածքում օգտագործում են շարժական տրանսպորտային միջոց: Ես ուզում եմ, որ վարչապետը  հարց ուղղի ՌԴ-ին՝ մեր մեղավորությունը ո՞րն է, Հայաստանի մեղավորությունը ո՞րն է: Հարցն այն չէ, որ ունենք կուտակված մեքենաներ, ու եկել ասում ենք, թե մեր մեքենաները ոնց վաճառենք: Հարցն այն է, որ մի ամբողջ Ռուսաստան ու Ղազախստան բոյկոտում է Հայաստանի մեքենաները: Հիմա չեմ հասկանում՝ հակահայկական շարժում են սկսե՞լ»,- հարց բարձրացրեց Տիգրան Հովհաննիսյանը:

Ավտոներկրող Դավիթ Գասպարյանի փոխանցմամբ՝ 2019թ. տարեվերջին, երբ Ղազախստանում արգելվեց հայկական համարանիշով մեքենաների շահագործումը, հանդիպում են ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ովքեր իրենց հավաստիացրել են, որ ռուսների հետ ունեն համապատասխան պայմանավորվածություն և պայմանագրեր, և մենք Ղազախստանի օրինակը Ռուսաստանում չենք ունենա:

«Ո՞ւր են այդ պայմանավորվածություններն ու պայմանագրերը, ինչո՞ւ է ՌԴ-ում կրկնվում Ղազախստանի օրինակը»,- ասաց Դավիթ Գասպարյանը:

Ավտոներկրողները նշեցին, որ իրենցից շատերը խնդիրներ ունեն, տուն, հողամաս են գրավ դրել, և եթե նման բան կար, նախապես թող իրենց տեղեկացնեին, որպեսզի այդքան մեքենա չներկրեին:

«Ասենք՝ խոշոր ներկրողներ կան, իրենց կախել են, մոստից գցել են, որովհետև վարկերի տակ են։ Այդ փողերը բանկերից, այստեղից կամ այնտեղից վերցրել ենք, գործի մեջ դրել։ Եթե այդպիսի բան կար, թող ասեին՝ ժողովուրդ, էդքան մեքենա մի բերեք, որովհետև չեք կարողանալու դրսում վաճառել։ Մենք էլ կիմանայինք ու 50 մեքենա կբերեինք, ոչ թե 1000։ Անձամբ ես 1000  մեքենա եմ բերել, այդքան փող է բյուջե լցվել, ու հիմա իրենք ձեռքերը լվացել ու քաշվել են մի կողմ»,- շարունակեց ավտոներկրողներից մյուսը։

Նա հավելեց, որ այս ընթացքում օնլայն մեքենա  է վաճառել, բայց ստիպված է եղել գումարը հետ ուղարկել։

«Ովքեր էլ որ առել են, զանգում են, լացում են սրտաճմլիկ, ասում են՝ մեր վերջին գումարով եկել ենք, էդ մեքենան առել ենք, հիմա ի՞նչ անենք, չեն թողնում քշենք»,- եզրափակեց ավտոներկրողը։