Պուտինը «չորով» մերժել է Ալիևին

Հույս են ունեցել Մոսկվայից դրական արձագանք ստանալ ԼՂ կարգավորման բանակցություններին Թուրքիայի առավել գործնական ներգրավվածության ցանկությանը

1

Ադրբեջանի նախաձեռնությամբ կայացած ԱլիեւՊուտին հեռախոսազրույցի մասին Կրեմլի տարածած տեղակատվությունը տրամագծորեն տարբերվում է Իլհամ Ալիեւի մամուլի ծառայության տարբերակից:

Ռուսական կողմը շեշտադրել է տարածաշրջանում սրացում ենթադրող քայլերի անթույլատրելիության մասին ՌԴ նախագահի ընդգծումը: Մինչդեռ ադրբեջանական վարկածով՝ Ալիեւը փոխանցել է Հայաստանին ռազմական մատակարարումների առթիվ իր եւ ադրբեջանական հանրության անհանգստությունը, ինչը դիվանագիտական լեզվից թարգմանաբար նշանակում է, որ նա ՌԴ նախագահից «բացատրություն է պահանջել»:

Այդ կապակցությամբ մենք ենթադրել էինք, որ Ալիեւին համարձակություն է ներշնչել Բաքվում թուրքական զինվորական պատկառելի պատվիրակությունը կամ հենց նա էլ Ադրբեջանի նախագահին դրդել է այդ քայլին՝ հույս ունենալով Մոսկվայից դրական արձագանք ստանալ ԼՂ կարգավորման բանակցություններին Թուրքիայի առավել գործնական ներգրավվածության ցանկությանը:

Երեւում է, Ռուսաստանի նախագահը «չորով» բացառել է այդ հեռանկարը, ինչպես նաեւ՝ Ադրբեջանին նորագույն սպառազինություններ վաճառելու հնարավորությունը: Նման եզրահանգման է մղում Թուրքիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն Իլհամ Ալիեւի հնչեցրած միտքը, որ այսուհետեւ Թուրքիան Ադրբեջանի թիվ մեկ գործընկերն է նաեւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում:

Ավանդաբար Ադրբեջանին սպառազինությունների մատակարարման թիվ մեկ աղբյուր դիտվում է Ռուսաստանը, ապա՝ Իսրայելը, Բելառուսը, Ուկրաինան, Թուրքիան, Պակիստանը, բալկանյան որոշ երկրներ եւ այլք: «Մենք գիտենք, որ Թուրքիան ունի հզոր ռազմա-արդյունաբերություն, որից օգտվել ենք եւ օգտվում ենք, բայց կուզենայինք ավելի սերտացնել համագործակցությունը՝ հասցնելով այն քաղաքական եւ առեւտրա-տնտեսական ինտեգրացիայի մակարդակին»- ասել է Իլհամ Ալիեւը:

Ամենայն հավանականությամբ, այդ ձեւակերպումը ենթատեքստով հասցեագրված է Ռուսաստանին: Այն իմաստով, որ Ադրբեջանը սպառազինությունների այլընտրանքային շուկա կգտնի Թուրքիայում: Դժվար է ասել, դա սկզբունքային որոշու՞մ է, թե՞ միայն դիվանագիտական խաղ: Բայց մի հանգամանք, թերեւս, կարելի է անվիճելի համարել. Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները շատ հստակ մարտահրավեր են նաեւ Ռուսաստանին: Այլ բան է, թե ինչ մշակումներ կարվեն Մոսկվայում:

Կընտրվի Թուրքիային զիջումների միջոցով Ադրբեջանում ազդեցություն պահելու՞, թե՞ այլ ճանապարհ: Ալիեւի իշխանության երաշխավորն ամենեւին էլ Էրդողանը չէ: Ռուսաստանի նախագահ Պուտինն է սատարում իշխող ընտանիքին: Մոսկվան Ալիեւին «մերկացնելու» ազդեցիկ լծակներ ունի: Այս իմաստով վերջինս հազիվ թե հանդգնի բաց առճակատման գնալ ՌԴ նախագահի հետ:

Բայց Թուրքիային ռազմա-տեխնիկական ոլորտում թիվ մեկ գործընկեր հայտարարելով՝ Իլհամ Ալիեւը բավական ռիսկային քայլ է արել: Մոսկվայի պատասխանը, հավանաբար, իրեն զգացնել կտա տեսանելի հեռանկարում:

Հրապարակ.am