Հայաստանում լողասեզոնի բացումից մինչ օրս ջրափրկարարները 9 քաղաքացու են փրկել

ԱԻՆ-ը հորդորում է՝ նախքան ջուրը մտնելը հիշեք, որ բացի Սևանից Հայաստանում մյուս ջրային տարածքները լողալու համար չեն

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարականով Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը հուլիսի 17-ից ուժեղացված ծառայություն է իրականացնում:

Հանգստյան սեզոնն անվտանգ անցկացնելու համար Սևանի 3 հանրային լողափերում տեղադրված են հենակետեր, տեխնիկական ու փրկարարական ուժերը բերված են պատրաստվածության բարձր աստիճանի: Իրականացվում է 24-ժամյա ծառայություն: Կենտրոնական կայանը սպասարկում է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ահազանգերը՝ կապված հանրապետության այլ ջրային վայրերի հետ:

2019 թ-ին հանրապետությունում ջրահեղձման 15 դեպք է գրանցվել, որից 5-ը՝ Սևանում: Ընդհանուր գրանցվել է 13 զոհ, 3 տուժած, որոնցից 2 զոհ, 3 տուժած՝ Սևանում: 2020 թ-ի մինչև օգոստոսի 12-ը ջրահեղձման 16 դեպք է գրանցվել, որից 4-ը՝ Սևանում: Ընդհանուր՝ 13 զոհ, 4 տուժած, որոնցից 4 զոհ և 1 տուժած՝ Սևանում: ԱԻՆ փրկարարների կողմից հսկվող տարածքներում ջրահեղձման դեպքեր չեն գրանցվել: Լողասեզոնի բացումից մինչև օրս ջրափրկարարները փրկել են 9 քաղաքացու:

«ԱԻՆ-ը հորդորում է՝ նախքան ջուրը մտնելը հիշեք, որ բացի Սևանից Հայաստանում մյուս ջրային տարածքները լողալու համար չեն: Պահպանեք անվտանգության կանոնները, որպեսզի հնարավոր լինի խուսափել անդառնալի հետևանքներից»,-ասված է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ: