Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանը կբացի սահմանները Հայաստանի հետ

Ներկա դրությամբ, Ռուսաստանը սահմանները բացել է Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Տանզանիայի և Շվեյցարիայի հետ

ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР» հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը սկզբում ուղևորային ավիափոխադրումները կվերսկսի «մերձավոր արտասահմանի» երկրների հետ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Հրատարակության աղբյուրների համաձայն՝ սեպտեմբերի 1-ից ավիաընկերությունները կսկսեն կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի ԱՊՀ մի շարք երկրներ՝ այդ թվում Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան և Հայաստան։

Փորձագետների համաձայն՝ նման որոշման համար կա մի քանի հիմնավորում․ առաջին հերթին՝ Ռուսաստանում կորոնավիրուսային իրավիճակը կայունացել է, բացի այդ, սեպտեմբերին արդեն ծրագրվում է COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրություն սկսել։

Համագործակցության անդամ երկրներում նույնպես համաճարակաբանական իրավիճակը բարելավվել է։ Միևնույն ժամանակ, այս երկրները մտադիր են ռուսական պատվաստանյութ գնել, ինչը նույնպես կնպաստի Ռուսաստանի հետ մարդասիրական և գործարար կապերի վերականգնմանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով այլ երկրների հետ կանոնավոր և չարթերային թռիչքները դադարեցրել է մարտի 27-ից։

Ներկա դրությամբ, Ռուսաստանը սահմանները բացել է Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Տանզանիայի և Շվեյցարիայի հետ: