Աշնանը կարող ենք հաղթահարած լինել կորոնավիրուսը. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դա կլինի այդպես, եթե մենք մեր ռազմավարությունը ճիշտ շարունակենք իրագործել՝ սովորել ապրել կորոնավիրուսի հետ

Այսօր այս թվերի նվազմանը զուգահեռ դիմակ չկրելու համար տուգանվող քաղաքացիների թվի էական աճ ունենք։ Սա նշանակում է, որ թվերի նվազման մասին ուղերձը մեր քաղաքացիները չափից ավելի լավատեսորեն են ընդունում: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե մենք հիմա այս իրավիճակը ճիշտ չգնահատենք, կարող ենք հետ գլորվել հուլիսի իրավիճակին: Մենք այսօր այս խնդիրն արմատապես լուծելու շանս ունենք: Մենք տեսնում ենք, որ աշխարհի որոշ երկրներում, այսպես ասած, երկրորդ ալիք է սկսվել: Նույնիսկ կան երկրներ, որոնք հայտարարել էին կորոնավիրուսը հաղթահարելու մասին, սակայն այսօր էլի վերադարձել են սահմանափակումներին:

Մենք, անցնելով այս դժոխքի միջով, ունենալով 800 մահ բուն կորոնավիրուսից ու 234 մահ՝ այլ պատճառով, բայց կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների շրջանում, շանս ունենք աշնանը գտնվել հաղթահարած վիճակում, անկախ նրանից, թե Հայաստանում ինչ կկատարվի:

Դա կլինի այդպես, եթե մենք մեր ռազմավարությունը ճիշտ շարունակենք իրագործել՝ սովորել ապրել կորոնավիրուսի հետ: Պետք է բացառիկ կարգապահություն ցուցաբերենք դիմակ կրելու հարցում: Եթե դա անենք կարող ենք համարել, որ գործնականում կորոնավիրուսի հետ կապված խնդիրը լուծել ենք: Եթե ոչ, վերադառնալու ենք հուլիսի մակարդակին»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առողջապահական համակարգը պատրաստ է նման սցենարի, քանի որ հզորությունները հասցվել են այդ մակարդակի. «Ես գիտեմ, որ տուգանքների մասով դժգոհություններ կան: Դրա համար կա շատ պարզ ձև՝ պետք է դիմակ կրել ու չտուգանվել: Կրիր դիմակ ու մի տուգանվիր, մինչև պատվաստանյութի հարցը կլուծվի:

Մեր թիվ մեկ գործընկերը քաղաքացին է, ում խնդրում ենք կրկնապատկել զգոնությունն ու կարգապահությունը: Ժամանակը ցույց տվեց, որ կարգապահությունն արդյունք է բերում: Պետք չէ սեփական ձեռքերով քանդել սեփական ստեղծած արդյունքը»։