Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Կվարելիի մարզ կատարած այցելության և իշխող «Վրացական երազանք» կուսակցության մեծամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու Իրաքլի Քադագիշվիլիին ներկայացնելու ժամանակ հայտարարել է, որ իշխող կուսակցության հոգատարության գլխավոր օբյեկտը Վրաստանի քաղաքացին է, և դա իշխող կուսակցության բնորոշ գիծն է: Այս մասին գրում է kvira.ge կայքը:
«Ով ինչ ուզում է թող ասի, մենք չենք մոռանում մեր անցյալն ու ավանդույթները, բայց դա չի նշանակում, որ մենք բաց չենք լինելու նորի համար: Մենք միայն առաջ ենք նայում, միայն դեպի ապագա, մեր ամեն քայլը կենտրոնացած է մեր քաղաքացիների և վաղվա օրվա վրա: Այդպես միշտ է եղել, դա «Վրացական երազանքի» բնորոշ գիծն է` այն, որ մարդը մեր հոգատարության գլխավոր օբյեկտն է, մեր քաղաքացին մեր հոգատարության գլխավոր օբյեկտն է»,-ասել է Վրաստանի վարչապետը:
Ըստ վարչապետի՝ երկրում դեռևս շատ խնդիրներ կան:
«Մենք բախվել ենք համավարակի խնդրին, և բացի մարդկանց առողջության մասին հոգ տանելուց, պետք է հոգ տանենք նաև տնտեսության մասին, և պետք է ամեն ինչ անենք, որ սկզբում երկրում պահպանենք աշխատատեղերը, իսկ հետո` տնտեսության վերականգնման փուլում, ստեղծենք նորերը: Այդ ամենը մենք պետք է միասին անենք: Մենք պետք է օգնենք վրացի գյուղացուն, որը վրացական մթերք է արտադրում: Համավարակի ընթացքում զգացինք, որ հիմնական խնդիրն առաջին անհրաժեշտության մթերքների ապահովումն է: Այդ իսկ պատճառով մենք պետք է զարկ տանք տեղական արտադրությանը»,-ասել է վրաց պաշտոնյան:
Գախարիան կոչ է արել վրաց երիտասարդությանը պատասխանատվություն դրսևորել սեփական ընտանիքների նկատմամբ, բիզնես սկսել, դառնալ ֆերմեր և արտադրանք տրամադրել երկրին:
Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2020 թվականի հոկտեմբերի 31-ին:
0Comments