Ես խնդրում եմ ձեզ չդիմակայել ոստիկանությանը, դուրս չգալ հրապարակներ. Տիխանովսկայան նոր ուղերձ է հղել

Ինքը` Տիխանովսկայան, տեսաուղերձով հաստատել էր իր հեռանալու մասին լուրը` ասելով, որ շատ դժվար որոշում է կայացրել իր համար

Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան նոր տեսաուղերձ է տարածել, որում նա իր հայրենակիցներին խնդրել է չդիմակայել ոստիկանությանը եւ դուրս չգալ հրապարակներ:

«Բելառուսի Հանրապետության հարգելի քաղաքացիներ:

Ես` Սվետլանա Տիխանովսկայան, շնորհակալ եմ նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Բելառուսի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը: Երախտագիտությամբ եւ ջերմությամբ դիմում եմ բոլոր այն քաղաքացիներին, ով այս ամբողջ ընթացքում աջակցել է ինձ: Բելառուսներ, ես ձեզ ողջամտության եւ օրենքները հարգելու կոչ եմ անում: Ես արյուն եւ բռնություն չեմ ուզում: Ես խնդրում եմ ձեզ չդիմակայել ոստիկանությանը, դուրս չգալ հրապարակներ` ձեր կյանքը չվտանգելու համար: Հոգ տարեք ինքներդ ձեր եւ ձեր մտերիմների մասին»,- ասել է Սվետլանա Տիխանովսկայան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Տիխանովսկայայի` Բելառուսից Լիտվա մեկնելու մասին: Ինքը` Տիխանովսկայան, տեսաուղերձով հաստատել էր իր հեռանալու մասին լուրը` ասելով, որ շատ դժվար որոշում է կայացրել իր համար: