Չկա Հայաստանում առանձին վերցված որևէ ուժ, որը կարող է այս իշխանությանը ստիպել հեռանալ, դա պետք է անել համախմբված, բոլորով: Կասկած չունեմ, որ մենք ականատես ենք լինելու քաղաքական շատ լուրջ միավորումների, որի արդյունքում ընդդիմադիր դաշտը կորոշի՝ ով է առաջնորդելու Հայաստանը ապագա մի քանի տարիներին:
Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը՝ խոսելով երկրի ներքաղաքական իրավիճակի մասին:
Ըստ նրա՝ երկու տարի առաջ վարչապետի ինստիտուտը անկում ապրեց, քանի որ այդ պաշտոնն ստանձնեց մի մարդ, որը իրավունք չուներ լինել այդ պաշտոնին: Իսկ դա, ըստ Արա Վարդանյանի, հանրությունը արդեն հասկացել է:
«Անցած երկու տարին մենք տեսնում էինք, որ տարբեր քաղաքական կուսակցություններ, անհատներ, նախաձեռնության անդամներ, կազմակերպությունների ղեկավարներ իրենց վրա էին քաշում վերմակը, որ իրենք կարող են լինել վարչապետ: Հիմա եկել է մի հանգրվան, երբ ըստ իս՝ բոլորն էլ հասկացել են, որ վարչապետն ամեն մեկը չէ, որ կարող է լինել:
Չկա Հայաստանում առանձին վերցված որևէ ուժ, որը կարող է այս իշխանությանը ստիպել հեռանալ, դա պետք է անել համախմբված, բոլորով»,- ասաց նա:
Արա Վարդանյանը կարծում է՝ եկել է ժամանակը համախմբվելու, և այս երկու տարին բավական ժամանակ էր հասկանալու՝ ինչ իրավական պրոցեսներ են տեղի ունենում Հայաստանում, ինչ քաղաքական պրոցեսներ են ընթանում. «Կասկած չունեմ, որ մենք ականատես ենք լինելու քաղաքական շատ լուրջ միավորումների, որի արդյունքում ընդդիմադիր դաշտը կորոշի՝ ով է առաջնորդելու Հայաստանը ապագա մի քանի տարիներին»,- հավելեց Արա Վարդանյանը:
0Comments