Վիճաբանություն Նարեկ Սամսոնյանի ու Ոստիկանության ծառայողի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանները փակել էին Սամսոնյանի ճանապարհը

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն իր ուղիղ եթերի ընթացքում տեղեկացրեց, որ քիչ առաջ Ճանապարհային ոստիկանությունը փակել է իր մեքենայի դիմաց ու չի թողել առաջ շարժվել:

«Իմ մեքենայով իջնում էի մեր գրասենյակ, ճանապարհին Ճանապարհային ոստիկանության երկու սպա, մեքենայիս տակ ընկնելով, երրորդ գծից ինձ դիմակ չկրելու համար կանգնեցրին և մի տեսուչ մոտեցավ, ասաց՝ պարետի որոշման համաձայն են կանգնեցրել, ես էլ ասել եմ այն, ինչն ասում են քաղաքացիների մեծամասնությունը պարետի հասցեին»,-ասաց Նարեկ Սամսոնյանը:

Նա նշեց, որ վերադարձել է` ոստիկանության ծառայողին ցույց տալու ուղիղ եթերով, սակայն Սամսոնյանի ու Ոստիկանության ծառայողի միջև վիճաբանություն է սկսվել, և Սամսոնյանը նշել է, որ տվյալ ծառայողն իրավունք չունի ոստիկանի համազգեստ հագնելու, Ոստիկանության լեյտենանտ էլ ասել է, որ իրավիճակը սկսվել է Սամսոնյանի հայհոյանքների պատճառով:

«Տեսուչ Հակոբյանն ակտը տալու համար եկավ, ասացի, որ իշխանափոխություն կլինի և նույնքան ոգևորված կլինես նոր իշխանության համար: Այստեղ տեսուչ Հակոբյանը արհեստական խոչընդոտ է դառնում իմ մեքենայի համար, կանգնում մեքենայիս դիմաց ու չի թողնում, որ հեռանամ»,- պատմեց նա:

Ոստիկանության ծառայողը վերադասին ասաց, որ եթե Սամսոնյանին ավելի շուտ բաժին տանեին, հիմա այսպես չէր լինի, Սամսոնյանն էլ շեշտեց, որ պատրաստ է բաժին գնալու:

Սամսոնյանը Ոստիկանության մայորից փորձեց մեկնաբանություն ստանալ, սակայն մայորը նշեց, որ զբաղված է:

Ոստիկանության լեյտենանտը Սամսոնյանին ասաց՝ եթե դժգոհ է իր աշխատանքից, ապա կարող է դիմում-բողոք ներկայացնել, սակայն Սամսոնյանը արձագանքեց, թե տվյալ անձին չի համարում ոստիկան և որ նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:

«Հեռացրեք սրան Ոստիկանական համակարգից, որ համակարգը խայտառակ չլինի»,- ասաց Սամսոնյանը Ոստիկանության մայորին: «Ինչքան դժվար է Ոստիկանությունում որոշում կատարելը, որովհետև օրենքով չեն շարժվում»:

Մանրամասները՝ տեսանյութում: