Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել

Այդ մասին պաշտոնապես հայտարարել է վարչապետ Հասան Դիաբը
բեյրութ

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է իր կառավարության հրաժարականի մասին՝ ասելով, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը, որը հասարակական վրդովմունք է առաջացրել, տարածված կոռուպցիայի արդյունք է:

Հեռուստատեսային ուղերձում Դիաբն ասել է, որ աջակցում է «այս հանցագործության համար» պատասխանատու անձանց դատի տալու շարքային լիբանանցիների կոչերին, հայտնում է լիբանանյան MTV հեռուստաալիքը:

Դիաբն այս հայտարարությունն արել է կառավարության նիստից հետո, որի ժամանակ նախարարները հրաժարական տալու ցանկություն են հայտնել:

«Կոռուպցիայի համակարգը ավելի ուժեղ է, քան պետությունը, որը չի կարող դիմակայել դրան եւ ազատվել դրանից: Մենք բախվեցինք մեծ ողբերգության: Այն ուժերը, որոնք հոգ են տանում երկրի շահերի մասին, պետք է համագործակցեին, բայց ոմանք ապրում են այլ ժամանակներում, եւ նրանց միակ մտահոգությունը քաղաքական հաշվեհարդարներն են ու այն բանի ոչնչացումը, ինչ մնացել է պետությունից։

Նրանց կոռուպցիան բերեց դժբախտության, եւ մենք պետք է փոխենք դա, որովհետեւ սա լիբանանցի ժողովրդի իրական ողբերգությունն է:

Մենք աջակցեցինք փոփոխությունների մասին լիբանանցիների պահանջին, բայց մեր եւ փոփոխությունների միջեւ կա «շատ խիտ շերտ»: Նրանք օգտագործեցին իրենց բոլոր զենքերը, կեղծեցին փաստերը եւ ստեցին մարդկանց, եւ նրանք գիտեին, որ մենք իրենց համար վտանգ ենք ներկայացնում։

Մենք կոչ ենք անում շուտափույթ հետաքննություն անցկացնել: Մենք ցանկանում ենք ձեւավորել ազգային փրկության ծրագիր, որին կմասնակցեն լիբանանցիները, այդ պատճառով ես հայտարարում եմ այս կառավարության հրաժարականի մասին: Թող Աստված պահպանի Լիբանանը»,- ասել է Դիաբը:

Ելույթից հետո նա գնացել է նախագահի մոտ՝ ներկայացնելու կառավարության հրաժարականը: