Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որպես վկա պետք է գա դատարան։ Այս մասին այսօր դատական նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանը՝ նշելով, որ նրան անակնկալ հարցեր կան։
Խոսելով դատական նիստին ուսումնասիրված գործով առկա փաստաթղթերի, ինչպես նաեւ նամակագրության մասին՝ Սանասարյանն ասաց, որ փորձել են իր հետ կապված ինչ-որ բան, սակայն չեն կարողացել․ «Տարածում էին տարատեսակ կեղծ լուրեր, թե իբր Սանասարյանը նվերներ է ստացել, ավտոմեքենա, կոստյում եւ այլն»։
Անդրադառնալով նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Արսեն Թորոսյանի նկատմամբ վարույթ հարուցելուն, Սանասարյանն ասաց. «Սրա մասին ես վաղուց ասել եմ, ասել եմ, որ սա անընդունելի է։ Եթե լիազորություններս դադարեցված չլինեին, աշխատակիցներիս կհանձնարարեի, չէի թողնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ուսումնասիրել եւ տեսնել՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ ինքը նախարար, եւ առանց մրցույթ հայտարարելու, մոտ 170 միլիոնի գործարք է կնքում մի բժշկական կենտրոնի հետ, որի ղեկավարն իր կինն է. այստեղ Դատախազությունն էլ անելիք ունի»։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել Դավիթ Սանասարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Քրեական գործով անցնում է 4 մեղադրյալ։ Սանասարյանից բացի, քրեական գործով ամբաստանվում են նաեւ ՊՎԾ եւս երկու աշխատակից՝ Գեւորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը եւ վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։
0Comments