Պուտինը նույպես շնորհավորեց Լուկաշենկոյին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Դա, անշուշտ, բխում է Ռուսաստանի և Բելառուսի եղբայրական ժողովուրդների շահերից․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել է նախօրեին կայացած նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, իր շնորհավորական ուղերձում Պուտինը հույս է հայտնել, որ ռուս-բելառուսական փոխշահավետ հարաբերությունները կշարունակվեն բոլոր ոլորտներում, կխորացվի համագործակցությունը միութենական պետության շրջանակում, կամրապնդվեն ԱՊՀ և ԵԱՏՄ գծով ինտեգրացիոն գործընթացները, ինչպես նաև ՀԱԿՊ-ի շրջանակում ռազմաքաղաքական կապերը:

«Դա, անշուշտ, բխում է Ռուսաստանի և Բելառուսի եղբայրական ժողովուրդների շահերից»,-նշել է Պուտինը:

Հիշեցնենք, որ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Լուկաշենկոյին հաղթանակի կապակցությամբ շնորհավորած առաջին համաշխարհային առաջնորդն է:

«Վստահ եմ, որ Ձեր կառավարման ներքո Բելառուսն անպայման նոր, փայլուն հաջողություններ կունենա պետականաշինության գործում»,-ասված է շնորհավորական ուղերձում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում ավարտվել են նախագահական ընտրությունները. գրանցվել է մասնակցության բարձր ցուցանիշ` 79%: Ըստ ԿԸՀ նախնական տվյալների՝ Լուկաշենկոն հավաքել է ձայների 81,35, իսկ Սվետլանա Տիխանովսկայան՝ 8%-ը:

Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են ձայների հաշվարկի ժամանակ կոպիտ խախտումների մասին: Նրանք կոչ են արել իրենց կողմնակիցներին, բացի ընտրատեղամասերից, հավաքվել նաև Մինսկի Հաղթանակի հրապարակում:

Միևնույն ժամանակ, դեռևս ընտրատեղամասերի փակվելուց առաջ իրավապահները սկսել էին հավաքվել հրապարակում, որը գտնվում է նախագահի նստավայրից ոչ հեռու: Որոշ ժամանակ անց ոստիկանները սկսել են ձերբակալել չարտոնված բողոքի ակցիայի մասնակիցներին: Իրավապահները հրապարակում լուսաձայնային նռնակներ են օգտագործել: Ի պատասխան դրան` ընդդիմությունը սկսել է հրավառ նյութեր նետել ոստիկանների ուղղությամբ:

Բազմաթիվ ձերբակալություններ են տեղի ունեցել նաև Վիտեբսկում, Բրեստում և Գրոդնոյում: